Armenian text to speach

Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացման կարողությունները՝ պատերազմն ավարտելու համար․ Վենս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իրանը պետք է էապես կրճատի միջուկային վառելիքի հարստացման իր կարողությունները, եթե ցանկանում է հասնել ԱՄՆ-ի հետ համաձայնության և ավարտել պատերազմը։

Reuters-ին տված հարցազրույցում Վենսը նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է շարունակել բանակցությունները, սակայն ակնկալում է ոչ թե ապագա քայլերի վերաբերյալ խոստումներ, այլ կոնկրետ զիջումներ Իրանի կողմից։

«Մենք խոսքերը գործողությունների հետ չենք փոխանակելու»,– ասել է ԱՄՆ փոխնախագահը։

Վենսի խոսքով՝ եթե Իրանը ցանկանում է ցույց տալ, որ միջուկային զենք ստեղծելու մտադրություն չունի, ապա պետք է էական քայլեր կատարի ուրանի հարստացման կարողությունների կրճատման ուղղությամբ։

Նա նշել է, որ ԱՄՆ-ը բանակցություններ է վարում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Միաժամանակ Վենսը նշել է, որ Վաշինգտոնում հստակ չէ, թե Իրանի իշխանական համակարգում ով է վերջնական որոշումներ կայացնում։

«Պարզ չէ, թե ինչպես է նրանց երկիրը որոշումներ կայացնում»,– ասել է նա։

Վենսի խոսքով՝ ԱՄՆ-ը շարունակում է պատրաստ լինել համաձայնության հասնելուն։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ Իրանի կողմից առաջարկվող քայլերը պետք է լինեն շոշափելի և վերաբերվեն միջուկային ծրագրին։

Reuters-ը գրում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև վերջին շաբաթներին փոխանակվել են պատերազմը դադարեցնելու և Հորմուզի նեղուցը վերաբացելու վերաբերյալ առաջարկներ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, մերժել է Թեհրանի վերջին առաջարկը և նախազգուշացրել, որ ռազմական գործողությունները կարող են սրվել։

Վենսը նաև նշել է, որ պատերազմը ԱՄՆ-ի համար ամսական շուրջ 3 միլիարդ դոլար է արժենում և դարձել է քաղաքական խնդիր՝ նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունների նախաշեմին։

Անի Վարդանյան




Լրահոս