Armenian text to speach

Հայաստանի լեռներն ունեն իրենց օրը․ ինչո՞ւ հենց հոկտեմբերի 9-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 9-ին նշվում է Հայաստանի լեռների և լեռնագնացների օրը։

Աշխարհի տարբեր երկրներում ամեն տարի նշվում են լեռներին և լեռնագնացներին նվիրված ազգային ու միջազգային օրեր։ Այս նախաձեռնությանը միանալով՝ Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան, ԱՄՆ-ում, Բեյրութում, Ֆրանսիայում, Ռուսաստանի Դաշնությունում և այլ երկրներում բնակվող հայ լեռնագնացների հետ համատեղ, առաջարկել է հոկտեմբերի 9-ը սահմանել որպես Հայաստանի լեռների և լեռնագնացների օր։

Ինչո՞ւ է ընտրվել հենց հոկտեմբերի 9-ը։

Այս ամսաթիվը կապված է հայ լեռնագնացության պատմության կարևորագույն իրադարձություններից մեկի հետ։ 1829 թվականի հոկտեմբերի 9-ին (հին տոմարով՝ սեպտեմբերի 27-ին) Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտի արշավախմբի կազմում Խաչատուր Աբովյանը, Պարրոտի և արշավախմբի մյուս մասնակիցների հետ, առաջին անգամ վերելք է կատարել Արարատ լեռան գագաթը։

Այս պատմական վերելքը կարևոր նշանակություն ունի ոչ միայն հայ ժողովրդի և Հայաստանի լեռնաշխարհի ուսումնասիրության, այլև հայկական լեռնագնացության պատմության համար։ Հենց այդ պատճառով էլ հոկտեմբերի 9-ը առաջարկվում է դարձնել Հայաստանի լեռների և լեռնագնացների խորհրդանշական օրը։

Հայաստանի լեռների և լեռնագնացների օրը պաշտոնապես սահմանելու նպատակով Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան պաշտոնական նամակով դիմելու է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը։

Նախաձեռնության հաստատման դեպքում նախատեսվում է ամեն տարի այս օրը կազմակերպել լեռներին, լեռնագնացությանը և Հայաստանի լեռնային ժառանգությանը նվիրված տարբեր միջոցառումներ։ Դրանց կարող են միանալ նաև աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայ լեռնագնացները՝ ձևավորելով համահայկական նախաձեռնություն, որը կխթանի լեռնագնացության զարգացումը, Հայաստանի լեռների ճանաչումն ու դրանց նկատմամբ հետաքրքրությունը։




Լրահոս