Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն ֆիննական Yle հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում աջակցել է Ռուսաստանի քաղաքացիներին եվրոպական երկրների կողմից զբոսաշրջային վիզաների տրամադրումը դադարեցնելու գաղափարին։
Օրպոյի խոսքով՝ նա նախատեսում է այս առաջարկը ներկայացնել Եվրոպական խորհրդի հաջորդ նիստում։ Նիստում կքննարկվեն նաև եվրոպական անվտանգությանը և Ռուսաստանից բխող սպառնալիքներին հակազդելուն առնչվող հարցեր։
Ֆինլանդիայի վարչապետն իր դիրքորոշումը հիմնավորել է Եվրոպայում հնարավոր դիվերսիաների վերաբերյալ մտահոգություններով։ Նրա կարծիքով՝ ենթադրյալ սպառնալիքի պայմաններում նպատակահարմար չէ, որ ռուս զբոսաշրջիկները ազատ տեղաշարժվեն եվրոպական երկրներում։
«Մենք մտավախություն ունենք, որ Ռուսաստանը փորձում է դիվերսիոն գործունեություն ծավալել Եվրոպայի տարածքում։ Այդ դեպքում ինչո՞ւ ենք ռուսաստանցիներին որպես զբոսաշրջիկներ թույլ տալիս մուտք գործել Եվրոպա և ազատ տեղաշարժվել», — հայտարարել է Օրպոն։






















