Երևանում տեղի ունեցավ Ապրելակերպի բժշկությանը նվիրված մասնագիտական համաժողովը, որի ընթացքում ներկայացվեց նաև Հայաստանի Ապրելակերպի բժշկության ասոցիացիայի առաջին ուղեցույց-գրքույկը։
Հոկտեմբերի 10-ին, Երևանում բժիշկներ, առողջապահության ոլորտի մասնագետներ և ոլորտի հետաքրքրված ներկայացուցիչներ համախմբվեցին «Ապրելակերպի բժշկություն․ կանխարգելումից դեպի երկարակեցություն» խորագրով համաժողովի շրջանակում՝ քննարկելու ժամանակակից բժշկության ամենաարագ զարգացող ուղղություններից մեկը՝ ապրելակերպի բժշկությունը։
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև Հայաստանի Ապրելակերպի բժշկության ասոցիացիայի առաջին գրքույկի շնորհանդեսը։ Հրատարակությունը ներկայացնում է ապրելակերպի բժշկության հիմնարար սկզբունքներն ու գործնական խորհուրդները՝ հիմնված ժամանակակից գիտական տվյալների վրա։ Գրքույկը նախատեսված է թե՛ առողջապահության մասնագետների, թե՛ առողջ ապրելակերպով հետաքրքրված քաղաքացիների համար՝ նպաստելով առողջության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ու առողջ վարքագծի խթանմանը։

«Բժիշկը կարող է բացատրել ռիսկերը, նշանակել բուժում և խորհուրդներ տալ, բայց նա չի կարող փոխել հիվանդի ամենօրյա սովորությունները: Հետևաբար, ուղեցույցի նպատակը ոչ միայն մասնագետներին խորհրդատվության գործիքներ տրամադրելն է, այլև ընթերցողներին հուսալի հիմք տրամադրելը՝ իրենց սեփական առողջությունը հասկանալու համար։»․ասում է ասոցիացիայի նախագահ, ուռուցքաբան Գևորգ Ասիլբեկյանը։
Համաժողովի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին ապրելակերպի բժշկության ապացուցահեն մոտեցումները, որոնք միտված են քրոնիկ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, կառավարմանը և ռիսկերի նվազեցմանը։ Քննարկվեցին առողջ սնուցման, ֆիզիկական ակտիվության, որակյալ քնի, սթրեսի կառավարման և վնասակար սովորությունների նվազեցման դերը մարդու առողջության և կյանքի որակի բարելավման գործում։
Միջոցառման հիմնական նպատակն էր աջակցել առողջապահության մասնագետներին՝ զարգացնելու կանխարգելիչ բժշկության գործնական հմտությունները և ապրելակերպային միջամտությունները ինտեգրելու ամենօրյա կլինիկական գործունեության մեջ։
(Գ)






















