ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունը ռուսական կողմին փոխանցել է այն ընկերությունների ցանկը, որոնք հետաքրքրված են Ռուսաստանից դիզելային վառելիքի ներմուծմամբ։ Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը՝ մեկնաբանելով դիզելի մատակարարումների վերաբերյալ Մոսկվայի և Վաշինգտոնի բանակցությունները, հաղորդում է «Կոմերսանտ»-ը։
Նովակի խոսքով՝ կողմերն արդեն մշակում են վառելիքի մատակարարման առևտրային պայմաններն ու պայմանագրերը։ «Մեր ամերիկացի գործընկերների հետ շատ ինտենսիվ աշխատանք է տարվում», — ասել է փոխվարչապետը «Վեստի» ծրագրին տված հարցազրույցում։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը դիզելային վառելիքի աշխարհի խոշորագույն մատակարարներից մեկն է։ Ավելի վաղ ռուսական արտադրանքին բաժին էր ընկնում համաշխարհային շուկայի մոտ 10%-ը։
Նովակը նաև հայտնել էր, որ 2026 թվականի վերջում Ռուսաստանը կարող է ամսական ավելացնել դիզելային վառելիքի արտահանումը մինչև 3–3,5 մլն տոննա, ինչը նրան թույլ կտա զբաղեցնել համաշխարհային շուկայի ավելի քան 10%-ը։




























