Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ուղևորներն ավելի քան 13 ժամ չեն կարողանում մեկնել ԱՊՀ երկրներ և Արաբական Միացյալ Էմիրություններ։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ մեկնումներին սպասում են Բիշքեկ, Երևան, Աստանա, Դուբայ և Սամարղանդ մեկնող չվերթների ուղևորները։
Ալմաթի մեկնող ռուսաստանցի ուղևորները պատմել են, որ հոկտեմբերի 17-ի գիշերը նրանց նստեցրել են ինքնաթիռ, սակայն կարճ ժամանակ անց խնդրել են վերադառնալ օդանավակայան։ Այնուհետև ուղևորներին երկար ժամանակ պահել են տարանցիկ գոտում, իսկ չվերթի մեկնելու ժամը չորս անգամ հետաձգվել է։
Ականատեսների խոսքով՝ ուշացած չվերթների ուղևորները ծայրահեղ հոգնած են, ստիպված են եղել քնել անմիջապես հատակին։ Նրանց թվում կան նաև երեխաներով ընտանիքներ։
«Մարդիկ մնացել են առանց ջրի, սննդի և հյուրանոցի։ Գիշերվա ընթացքում 800 ռուբլու սննդի կտրոն են տրամադրել, բայց նշված սրճարաններում սնունդն արդեն սպառվել էր։ Մեր չվերթները կարծես մոռացության են մատնվել, մեզ մոտ ոչ ոք չի գալիս»,– դժգոհել են ուղևորները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի օդանավակայաններում գիշերային թռիչքային սահմանափակումների պատճառով հետաձգվել և չեղարկվել է ավելի քան 370 չվերթ։ Օդային տարածքը փակ է եղել կեսգիշերից մինչև առավոտյան ժամը յոթը մոտ։



























