Քաղաքականության դառը պտուղները սպորտում. աշխարհի չեմպիոնն արտագաղթում է (վիդեո, ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սպորտը, մշակույթը քաղաքականության հետ որեւէ կապ չունեն, եւ այդ բնագավառները պետք է ղեկավարեն պրոֆեսիոնալները». սա վերջին տարիներին հրապարակ նետված մի կարգախոս է, որի հեղինակ քաղաքական ուժերի նպատակը մոտավորապես հետեւյալն է` «զատենք, որ տիրենք»: Բայց տիրելուց հետո էլ նրանք զլանում են «տիրություն անել»:

Օրինակ՝ սպորտային աշխարհը «մենաշնորհելու» ցանկություն ունեցող ԲՀԿ առաջնորդ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, չնայած որ ամենուր հայտարարում է, թե ինքը հետաքրքրված է սպորտով ու հայ մարզիկների ապագայով, բայց իրականում պարզվում է, որ այնքան էլ այդպես չէ: «Արմֆայթինգ» ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը երեկ aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ մայիսի 11-ին ProFC վարկածով աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանը, Յարոսլավ քաղաքում թուրք մրցակցի հետ չեմպիոնական գոտու պաշտպանության մենամարտում վերջին անգամ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո: Իսկ պատճառն այն է, որ ՀՀ-ում մարզիկը որեւէ աջակցություն չի ստանում: Դրա համար էլ ՌԴ-ում առաջարկ ստանալուց հետո, աշխարհի չեմպիոնը որոշել է համաձայնել և այսուհետ մարտի դուրս գալ ՌԴ դրոշի տակ:

1425527_623012744401046_1457059036_n

Իսկ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, ԲՀԿ քվոտայով նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ընդամենը հայտարարեց, որ ինքը նոր է տեղեկացել այդ խնդրի մասին, կզեկուցի Գ. Ծառուկյանին ու նոր կորոշեն իրենց անելիքները: Ահա այսպիսի անտարբերությունն է ճակատագրեր խեղում:

«Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի եւ «Արմֆայթինգ» ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանի հետ:

221257171370262178 500

-Պարոն Ղուկասյան, ի՞նչն է ստիպել աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանին այլ երկրի դրոշի ներքո հանդես գալու որոշում կայացնել:

-Ես այժմ պետք է ներկայացնեմ նախկին նախարարի աշխատակազմի պատասխանն, ըստ որի՝ միջազգային օլիպիական կոմիտեն մեր մարզաձեւը չի ճանաչել որպես մարզաձեւ, ընդ որում՝ դրա համար էլ այն օլիմպիական ֆեդերացիանների շարքում ընդգրկված չէ, ուստի ֆինանսավորում չենք կարող ստանալ: Ու ես այդ հարցի պատասխանը տվել եմ, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի Դաշնության կողմից հաստատագրված մարզաձեւ է ու այնտեղ սիրողական մրցաշարեր են կազմակերպվում` անգամ Վլադիմիր Պուտինի հսկողությամբ ու ինքն էլ ներկա է լինում:

Ես անգամ կարող եմ տեսանյութեր տրամադրել, որտեղ պարզ երեւում է, որ նա եւս ներկա է գտնվում այդ մրցաշարարերին: Ու նման դեպքում, մենք նման պատասխան ենք ստանում: Սա նաեւ երիտասարդության խնդիրն է, ի վերջո մենք կարողանում ենք բավականին մեծ թվով երիտասարդներ հավաքել ու առողջ ապրելակերպ սերմանալ նրանց մեջ:

-Իսկ ո՞րն է լինելու Ձեր հաջորդ քայլը, ի՞նչ եք պատրաստվում անել:

-Մենք ամսի 9-ին մեկնելու ենք ՌԴ, ապա Յարոսլավ քաղաքում կլինի Դ. Խաչատրյանի եւ թուրք մարզիկի մենամարտը: Դրանից անմիջապես հետո մենք հրավիրված ենք Դոնի Ռոստով, որտեղ պայմանագիր կստորագրենք ՌԴ դրոշի տակ հանդես գալու համար:

-Այսինքն՝ Ձեր որոշումը փոփոխության ենթակա չէ՞, անգամ եթե ՀՀ-ում նորմալ պայմաններ առաջարկեն:

-Լավ պայմանը հետեւյալն է. Ռուսաստանի առաջարկած տարբերակի գոնե 10 տոկոսը: Թե կհանդիպենք, կխոսենք, մի հայտարարի կգանք… ես չգիտեմ, նոր նախարարը լավ անձնավորություն է, հուսով եմ… չգիտեմ՝ ինչ կստացվի:

Հրաչյա Ռոստոմյան

16799

-Պարոն Ռոստոմյան, ՀԱՕԿ-ին չի՞ անհանգստացնում այն փաստը, որ նման մարզիկը որոշել է հեռանալ Հայաստանից ու հանդես գալ այլ երկրի դրոշի ներքո: Չե՞ք պատրաստվում միջոցներ ձեռնարկել դա կանխելու համար:

-Դավիթ Խաչատրյանի հետ կապված ասեմ, որ նոր եմ տեղեկացել, ես նրան անձնապես եմ ճանաչել, դրա համար անպայման զբաղվելու եմ այդ ամենով: Բայց ինչ վերաբերում է մարզաձեւին, ապա ասեմ, որ նման մարզաձեւ ճանաչված չէ ու այդտեղ խնդրահարույց հարց կա: Սակայն պետք է նշեմ, որ եթե մարզիկը նման արդյունք է ցույց տալիս, այն է` շատ բարձր, պետք է մենք այդ խնդիրը հասկանանք ու լուծում տանք: Նման մարզաձեւ չկա, ուղղակի արդյունքները պետք է հաշվի առնվեն, փորձենք ինչ-որ ձեւով օգնել:

-Իսկ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը տեղեկացվա՞ծ է Դավիթ Խաչատրյանի սպորտային հաջողությունների եւ այլ երկրի դրոշի ներքո հանդես գալու նրա որոշման մասին:

-Ես վաղը (այսօր Ս.Գ.) կտեղեկացնեմ, ես այս պահին չեմ կարող ասել, տեղյակ է, թե ոչ, քանի որ պարոն Ծառուկյանի հետ չեմ հանդիպել: Խնդրին ամբողջությամբ տեղյակ չեմ, բայց կներկայացնեմ:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս