Armenian text to speach

Մահացել է ՀԱՀ-ի նախկին փոխնախագահ և «ՄԱԿ-Կանայք» կառույցի նախկին ղեկավար Ֆումզիլե Մլամբո-Նգկուկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

71 տարեկանում մահացել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին փոխնախագահ և Գենդերային հավասարության և կանանց իրավունքների ու հնարավորությունների ընդլայնման հարցերով ՄԱԿ-ի կառույցի («ՄԱԿ-Կանայք») նախկին գործադիր տնօրեն Ֆումզիլե Մլամբո-Նգկուկան, հայտնում է AFP-ն։

Ինչպես հայտնել է նրա ընտանիքը Հարավային Աֆրիկայի պետական SABC հեռուստաընկերության փոխանցած հայտարարության մեջ, Մլամբո-Նգկուկան մահացել է ուրբաթ օրը՝ մոտ երկու շաբաթ առաջ անցած բժշկական միջամտությունից հետո առաջացած բարդությունների հետևանքով։

Մլամբո-Նգկուկան ՀԱՀ-ի փոխնախագահի պաշտոնը զբաղեցրել է 2005-ից 2008 թվականներին՝ դառնալով այդ պաշտոնը զբաղեցրած առաջին կինը։ Մինչ այդ նա ղեկավարել է երկրի հանքային պաշարների և էներգետիկայի նախարարությունը։

2013-ից 2021 թվականներին Մլամբո-Նգկուկան զբաղեցրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի և «ՄԱԿ-Կանայք» կառույցի գործադիր տնօրենի պաշտոնները՝ զբաղվելով գենդերային հավասարության խթանմամբ և կանանց ու աղջիկների իրավունքների պաշտպանությամբ։

ՀԱՀ-ի նախագահ Սիրիլ Ռամաֆոսան ցավակցություն է հայտնել նրա մահվան կապակցությամբ՝ նրան անվանելով ականավոր առաջնորդ, որը ներկայացնում էր ոչ միայն Հարավային Աֆրիկայի և ամբողջ աֆրիկյան մայրցամաքի, այլև ողջ աշխարհի կանանց շահերը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը նշել է, որ Մլամբո-Նգկուկան ողջ կյանքում պայքարել է կանանց ու աղջիկների իրավունքների և հնարավորությունների ընդլայնման համար։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ամինա Մոհամմեդն իր հերթին ընդգծել է նրա ներդրումը Աֆղանստանում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Նիգերիայում կանանց պաշտպանության գործում։

Մլամբո-Նգկուկան մինչև կյանքի վերջը շարունակել է հանդես գալ քաղաքականության մեջ կանանց դերի ընդլայնման օգտին։ Մասնավորապես, նա կոչ էր անում դեկտեմբերի 31-ին Գուտերեշի երկրորդ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղար ընտրել կնոջ։




Մամուլի Տեսություն

Լրահոս