Թեղուտի հանքավայրը վնասում է երկրի տնտեսությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս աշխատանքային այցով Տավուշի եւ Լոռու մարզեր մեկնած Սերժ Սարգսյանը ներկա գտնվեց նաեւ Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության եւ պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի շնորհանդեսին: Ս. Սարգսյանը մեծ ոգեւորությամբ հայտարարեց, որ Թեղուտի հանքավայրի շահագործումը մեծ նշանակություն ունի համայնքների տնտեսական զարգացման համար: Սակայն մասնագետները հակառակն են պնդում: Բնապահպան Հակոբ Սանասարյանն անգամ հաշվարկել է, թե հանքավայրի շահագործումն ինչ չափի վնաս է հասցնում ՀՀ տնտեսությանը:

«Կանաչների միության» նախագահ, բնապահպան Հակոբ Սանասարյանը Armlur.am-ի հետ զրույցում խոսելով Սերժ Սարգսյանի այցի մասին, ընդգծեց, որ Թեղուտի նկատմամբ նրա ՙհատուկ վերաբերմունքը» վաղուց է հայտնի: Բնապահպանը հիշեցրեց, որ Ս. Սարգսյանը դառնալով վարչապետ, հաշվի չառավ Թեղուտի նախագծի վերաբերյալ հրապարակված խիստ բացասական կարծիքները եւ անմիջապես թույլատրեց հանքավայրի շահագործումը:

Հակոբ Սանասարյանը ներկայացրեց իր հաշվարկները, ըստ որոնց՝ «Vallex» ընկերության կողմից կազմված նախագծում «Թեղուտ» հանքավայրի շահագործման հետեւանքով ՀՀ տնտեսությանը հասցվելիք գումարային վնասը կազմում է 2,07 մլրդ դրամ (4,6 մլն դոլար, Նախագծում 1 դոլարի փոխարժեքը 450 դրամ է): «Վնասվող, աղտոտվող եւ ոչնչացվող հողատարածքը 1491 հեկտար է: Իսկ «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքով` անտառային հողերում արդյունաբերական թափոններ տեղադրելու դեպքում յուրաքանչյուր քառակուսի մետրի հաշվով վնասի հատուցումը սահմանված է 10 հազար դրամ, 1 հեկտարին` 100 մլն դրամ:

Եվ սա այն դեպքում, երբ հսկայածավալ հողատարածքներ ունեցող Ռուսաստանի Դաշնությունում յուրաքանչյուր հեկտարի հաշվով` 2,6 մլն դոլար է, այսինքն` 10 անգամ ավելի շատ, քան սակավահող մեր երկրում: Եթե նույնիսկ հողի աղբակալման սակագնով հաշվարկենք այդ հողատարածքին հասցվելիք վնասը, ապա այն կկազմի 149,1 մլրդ դրամ (372 մլն դոլար): Միաժամանակ պետք է քաջ գիտակցենք, որ այդ տարածքի զգալի մասը հավերժորեն մնալու է ծանր մետաղներ պարունակող պոչանքի եւ «դատարկ» ապարների տակ, իսկ բացհանքի 240 հա-ն դառնալու է հարյուրավոր մետր խորությամբ խոռոչ՚,-բացատրեց երկարամյա փորձ ունեցող բնապահպանը:

Մասնագետը տեղեկացրեց նաեւ, որ Թեղուտի հանքավայրի նախագծով 25 տարիների ընթացքում վերամշակվելու է 175 մլն տոննա հանքաքար, ինչի արդյունքում առաջանալու է 290 մլն տոննա թափոն` մակաշերտ եւ «դատարկ» ապարներ: Իսկ վերամշակվելիք 175 մլն տոննա հանքաքարից, ըստ նախագծի, կգոյանա 172,8 մլն տոննա պոչանք: Ծանր մետաղների բարձր պարունակությամբ պոչանքը պետք է համարվի վտանգավորության առաջին, իսկ «դատարկ» ապարները` երրորդ դասի թափոն:

Սանասարյանի ներկայացմամբ` առաջին դասի վտանգավորության թափոնի մեկ տոննան շրջակա միջավայրում տեղադրելու դիմաց սահմանված է 48 000, իսկ երրորդինը` 4800 դրամ հարկ: Սակայն բնապահպանը մտահոգված նշեց, որ 1 տոննա պոչանքի դիմաց պահանջվող 48 հազար դրամ հարկը շատ քիչ է ծանր մետաղներ պարունակող փոշին շրջակա միջավայրից մեկուսացնելու եւ հավանական վթարները վերացնելու համար:

Տեղեկացնենք, որ վերը նշված՝ 172,8 մլն տոննա քանակությամբ պոչանքը, շրջակա միջավայրում տեղադրելու դիմաց հարկը կազմում է 8,294 տրիլիոն դրամ (20,73 մլրդ դոլար), եւ եթե 290 մլն տոննա թափոնից 200 մլն տոննան համարենք «դատարկ» ապարներ, իսկ 90 մլն տոննան` ոչ վտանգավոր թափոն (յուրաքանչյուր տոննայի համար 600 դրամ), ապա պետությանը վճարվող հարկը կկազմի 1,014 տրիլիոն դրամ (2,53 մլրդ դոլար): Այսինքն` միայն երեք տեսակի թափոնների` պոչանքի, «դատարկ» ապարների եւ մակաշերտի դիմաց «Vallex» ընկերության վճարելիք հարկը կազմում է ավելի քան 9,3 տրիլիոն դրամ (23,26 մլրդ դոլար): Այն դեպքում, երբ, Թեղուտի նախագծով, այդ հանքավայրի շահագործման արդյունքում «Vallex» ընկերության մաքուր շահույթը կարող է կազմել 406,2 մլն դոլար, իսկ ՀՀ-ին վճարելիք շահութահարկը` 101,7 մլն դոլար:

«Նույնիսկ այս մոտավոր եւ ոչ ընդգրկուն հաշվարկներից արդեն երեւում է, որ Թեղուտը հանքավայր չէ, այլ հանքերեւակում, քանի որ հանքանյութում օգտակար տարրերի պարունակություններն այնպիսին չեն, որ դրա շահագործումը օգուտ բերի թե՛ պետությանը, թե՛ շահագործողին: Եթե այս հանքավայրի շահագործման հետեւանքով ՀՀ-ի տնտեսությանը հասցվելիք վնասը հաշվարկվի բոլոր բաղադրիչներով, ապա այն կարող է հասնել հազարավոր տրիլիոնների, իրենց ներկայացրած 2,07 մլրդ դրամի փոխարեն: Փաստորեն, ընկերությունը թերհաշվարկներ ու կեղծ փաստեր ներկայացնելով գերշահույթ է ունենալու»,- հայտարարեց մեր զրուցակիցը:

Նա նաեւ մտահոգություն հայտնեց, որ միջազգային կազմակերպությունների գործուն մասնակցությամբ մեր երկրում ընդունվել են ընդերքի հարստությունները «կողոպտելուն աջակցող օրենքներ», որոնց կասեցման ուղղությամբ, ցավոք, որեւէ քայլ չի կատարվում:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ «Vallex» ընկերության տնօրեն Գագիկ Արզումանյանի հետ, որն էլ ասաց. «Մեր հաշվարկները մոտավորապես նույնն են, բայց այդքան կազմում է տնտեսական վնասը: Եթե կշեռքի մի նժարին դնենք տնտեսական վնասի չափը, մյուսին՝ տնտեսական օգուտի չափը, կտեսնեք, որ վերջինն ավելի մեծ է ու ծանր: Իսկ Հակոբ Սանասարյանը Ձեզ հետ զրույցում նշել է միայն տնտեսական վնասի չափը»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս