ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ

Նոյեմբերի 24-ի երեկոյան Լոռու մարզի Գուգարք համայնքի տներից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով 6 ընտանիք մնացել է անօթեւան: Առանց տանիքի մնացած 25 մարդ, այդ թվում եւ 10-ից ավելի երեխա, մնացել են առանց հագուստի եւ ուտելիքի: Նրանցից շատերը գիշերել են դրսում: Հուսահատված բնակիչներն այրված տներից հեռու չեն գնում, արցունքն աչքներին` պատմում են, որ միշտ էլ վախով են ապրել փայտաշեն այդ տնակներում, միշտ զգուշավոր են եղել, սակայն վտանգից խուսափել այդպես էլ չստացվեց: Բնակիչների խոսքով` հրդեհը բռնկվել է վառարանի պատճառով, սակայն թե կոնկրետ ում, նրանք դեռ չգիտեն: Հրդեհից տուժածները նշում են, որ դեպքի վայրում աշխատել են մեծ թվով հրշեջներ, ոստիկաններ ու բնակիչներ, սակայն նրանց չի հաջողվել կանգնեցնել հրդեհը, քանի որ տնակները փայտաշեն են եղել: Լոռու մարզային փրկարարական վարչության 4 մարտական հաշվարկի փրկարարներին հաջողվել է միայն հարակից բնակարանները պաշտպանել հրդեհի բռնկումից:
Հիմա բնակիչներն ակնկալում են ինչպես պետական մարմինների, այնպես էլ բարի մարդկանց ուշադրությունը: Ինչպես տեղեկացանք, բարի մարդիկ որքան կարողացել, օգնել են հագուստով եւ ուտելիքով: Իսկ պետական մարմինների արձագանքի հետ կապված էլ նշենք, որ հրդեհի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների հարցը Լոռու մարզպետարանի երեկվա աշխատանքային խորհրդակցության օրակարգում էր: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի որոշմամբ` առաջիկա 3 ամիսների համար բնակարաններ կվարձակալվեն` ընտանիքների ժամանակավոր կացարանների հարցը լուծելու համար:

ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ
Լոռի

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

Երեկ «Ավտովարորդների իրավունքների պաշտպանության լիգա» հ/կ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իր կողմից բարձրացված եւ ոլորտի վերաբերյալ 6 հարցադրումներից 5-ը որեւէ առնչություն չունեն ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարությանն օրենքով վերապահված իրավասությունների հետ: Այդ հարցադրումները հիմնականում վերաբերում են Երեւանում տաքսիների համար նախատեսված կայանատեղիներին, տեսանկարահանող սարքավորումներին, կարմիր գծանշումներով կայանատեղիներին, ԱՊՊԱ ծառայություններին, 2009-2012թթ. անհատ ձեռնարկատեր տաքսու վարորդների կողմից չվճարված հարկերից գոյացած տույժերին, ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար տուգանքներին, ինչպես նաեւ ոլորտի օրենսդրական բարեփոխումներին: Ի դեպ, Տ. Հովհաննիսյանը հենց ասուլիսի ընթացքում զանգահարեց կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին, եւ վերջինս էլ պատրաստակամություն հայտնեց ասուլիսից անմիջապես հետո ընդունել ու լսել ինչպես խնդիրներ ունեցող տաքսու վարորդներին, այնպես էլ նրանց ուղղորդող հ/կ-ի նախագահին: Հանդիպման ժամանակ նախարարը հայտարարեց. «Եթե օրենք է ընդունվում, բոլորը պարտավոր են առաջնորդվել օրենքով: Համոզված ենք, որ ըստ առաջարկվող օրինագծի՝ բոլոր տաքսի վարորդների համար կլինեն հավասար դաշտի պայմաններ»:




Լրահոս