Հայաստանում շատ հաճախ ու շատ հեշտորեն կեղծում են ոսկյա զարդերը: Ոսկեղենի որակի եւ իսկության երաշխավորումը՝ հարգադրոշմումը, որը քաղաքացիների շրջանում առավել հայտնի է «պրոբա խփել» արտահայտությամբ, հաճախ եւս խաբկանք է լինում: Պետական կառույցն էլ, որը պետք է զբաղվի շուկայի վերահսկողությամբ, մեղմ ասած, այնքան էլ արդյունավետ չի գործում: Այս ամենից բացի՝ կազմակերպությունները, որոնք պետության լիցենզավորմամբ զբաղվում են զարդերի հարգորոշմամբ եւ հարգադրոշմամբ, ըստ մեր հավաստի աղբյուրների` մենաշնորհային սկզբունքով պատկանում են ՀՀ պետեկամուտների կոմիտեի ղեկավար Գագիկ Խաչատրյանին:
«Վաղարշ եւ որդիներ», «Արվա Աորմ», ինչպես նաեւ 6-7 այլ կազմակերպություններ պետության լիցենզավորմամբ զբաղվում են թանկարժեք մետաղներից պատրաստված զարդերի հարգորոշմամբ եւ հարգադրոշմամբ: Հատուկ քիմիական նյութերով, ասեղի եւ այլ գործիքների միջոցով տվյալ կազմակերպության մասնագետները որոշում են զարդի բարձրորակության աստիճանը: «Օրինակ` ոսկյա մատանու վրա ենթադրենք 2 թիվն է խփվում. դա լիցենզավորված տվյալ ՍՊԸ-ի նշանային դրոշմն է՝ «պրոբան»: Բացի հենց ոսկու վրայի հարգադրոշմումից՝ կազմակերպությունը պատվիրատուին նաեւ փաստաթղթեր է ներկայացնում, որոնք վկայում են ոսկու որակի ու հարգադրոշմման իսկությունը»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչության փաստաթղթաշրջանառության եւ իրավաբանական համակարգման բաժնի ղեկավար Արծրուն Նաջարյանը:
Այդուհանդերձ, փաստը, որ ոսկու որակը որոշելու նման ընթացակարգ կա, չի բացառում թանկարժեք մետաղների շուկայում գոյություն ունեցող խաբեություններն ու կեղծիքները. բանն այն է, որ, օրինակ, փաստաթղթային վկայականը, որ տվյալ զարդը բարձրակարգ է, վերավաճառողները, առավել եւս գնորդները, ձեռք բերել չեն կարող: Հարգադրոշմումը զեղծարարության «մասնագետները» հարմարեցնում են շատ արագ, իսկ գնորդները, հույսները դնելով այդ «Սասունցի Դավթի» ու թվային ինչ-որ նիշերի արժանահավատության վրա, ուղղակի խաբվում են՝ հսկայական գումարների դիմաց ձեռք բերելով ցածրորակ ապրանք:
«Առանց մասնագետի՝ ոսկուց հասկացող մարդու, Հայաստանում ոսկի գնելիս հնարավոր չէ չխաբվել: Ինքս նման տհաճ փորձ ունեցել եմ, երբ գնելուցս ամիսներ հետո պատահականորեն իմացա, որ 300 դոլարանոցի որակ ունեցող զարդը 1000 դոլարով եմ գնել, ընդ որում բոլոր պրոբաներն առկա էին»,-մեզ հետ զրույցում ասաց խաբված գնորդ Էմմա Սարգսյանը: Նշենք, որ «Ժողովուրդ»-ի խմբագրությունը պարբերաբար ահազանգեր է ստանում գնորդներից, որոնք առավել հաճախ իրենց` խաբված լինելու փաստը բացահայտում են այն ժամանակ, երբ ոսկյա զարդերը ստիպված են լինում գրավադրել բանկերում: Եվ ստացվում է՝ գնորդների հույսը մնում է իրավապահ մարմիններին դիմելը, եթե, իհարկե, երջանիկ պատահականության արդյունքում ժամանակին հայտնաբերվի, որ կեղծ հարգադրոշմամբ զարդ է գնվել:
Այս իրավիճակում տրամաբանական հարց է առաջանում. իսկ ի՞նչ է անում ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությունը, երբ թանկարժեք մետաղների շուկայում, ինչպես ասում են, «շունը տիրոջը չի ճանաչում»: «Վերահսկում ենք, մշակում քաղաքականություն»,-ասաց տեսչության բաժնի պետ Ա. Նաջարյանը: Մինչդեռ էկոնոմիկայի նախարարության կայքէջում տեղադրված արձանագրությունում տեսչությանը բավական լայն գործառույթներ են վերապահված. «Շուկայի վերահսկողության պետական տեսչությունն իրականացնում է օրենքով նախարարությանը վերապահված վերահսկողական գործառույթներ եւ կիրառում պատասխանատվության միջոցներ արտադրանքների, ապրանքների սահմանված պահանջների պահպանման, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման լիցենզիաների պահանջների եւ պայմանների պահպանման, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում` մանրածախ առուվաճառքի ու դրանցով գործարքների իրականացման, համապատասխանության գնահատման եւ չափումների միասնականության ապահովման, սպառողների իրավունքների պաշտպանության բնագավառներում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից»:
Ա. Նաջարյանը կոչ արեց զեղծարարություններ հայտնաբերելու դեպքում դիմել իրենց` միեւնույն ժամանակ դժվարանալով մատնանշել դեպք, երբ տուժած քաղաքացին ապավինել է իրենց:
Ինչ վերաբերում է զարդերի հարգադրոշմամբ զբաղվող կազմակերպություններին, ապա այս դաշտում էլ մենաշնորհային իրավիճակ է. ըստ մեր հավաստի աղբյուրների՝ հարգորոշմամբ եւ հարգադրոշմամբ զբաղվող բոլոր կազմակերպությունները պատկանում են ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանին: Այս տեղեկությունը, սակայն, ՊԵԿ-ից հերքեցին: «Գ. Խաչատրյանը տնտեսավարմամբ չի զբաղվում, դա հերթական պտտվող լուրերից է, որն իրականության հետ կապ չունի»,-հավաստիացրեց ՊԵԿ մամուլի քարտուղար Նելլի Մանուչարյանը:
ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ