ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ Է

ՀՔԾ-ն արդեն մեկ տարի է` չի կարող պարզել, թե 2012թ. հոկտեմբերին ովքեր էին ապօրինաբար գաղտնալսել ԱԺ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի առանձնազրույցն ու ձայնագրությունը տեղադրել համացանցում: Երեկ, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, ՀՔԾ լրատվության բաժնից հայտնեցին, որ այդ գործով նախաքննությունը շարունակվում է, եւ դեռեւս չկան ձերբակալվածներ, կասկածյալներ ու մեղադրյալներ: Ըստ նրա` որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներն ընթացքի մեջ են: Հիշեցնենք, որ գաղտնալսված առանձնազրույցի ձայնագրությունը մինչ համացանցում տեղադրելը ինչ-որ մեկն էլեկտրոնային փոստով ուղարկել էր ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին ու Հրանտ Բագրատյանին: Բայց քանի որ այդ քայլն արդյունք չէր տվել ու ՀԱԿ պատգամավորներին չէր գժտեցրել, որոշել էին այն նաեւ համացանցում տեղադրել:

ԼԵԳԵՆԴԱՐ ԳՆՈՒՄՆԵՐ

Յուրիկ Վարդանյանի ղեկավարած ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարությունը բավական շռայլ է պետական բյուջեի միջոցները ծախսելիս: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ այս նախարարությունը վերջերս գնել է 90 հազար դրամ արժողության ճենապակյա, 138-հազարանոց արծաթապատ եւ 520-հազարանոց փայտյա հուշանվեր` յուրաքանչյուրից մեկ հատ: Բացի այդ՝ այս նախարարությունը թանկարժեք` «Աղթամար», «Տոնական» եւ «Նաիրի» կոնյակներ է գնել: Իսկ ահա 260 հազար դրամ էլ ծախսել է շնորհավորական բացիկների ձեռքբերման համար. ընդ որում, բացիկները նախարարությունը պատվիրել է ո՛չ ավել, ո՛չ պակաս Fedrigoni թանկարժեք թղթի վրա:

ՔԱՆԴԵՑ ՍԴՀԿ-Ն

armlur.am-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնական Նարեկ Գալստյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել: Բանն այն է, որ վարչապետի օգնականին առաջարկել են ղեկավարել ՍԴՀԿ կառույցը նա էլ համաձայնել է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս տեղի է ունենալու ՍԴՀԿ վարչության նիստը, որտեղ էլ ՍԴՀԿ ատենապետ է դառնալու Ն. Գալստյանը: Երեկ փորձեցինք Նարեկից պարզել, թե ում կողմից է եղել առաջարկությունը՝ ատենապետի աթոռը զբաղեցնելու, սակայն նա հրաժարվեց մանրամասնել: Ասաց, թե այսօր հանդես է գալու մամլո ասուլիսով եւ ներկայացնելու է իր հեռանալու բոլոր պատճառները: Հավելենք միայն, որ Տ. Սարգսյանին հաջողվեց ՍԴՀԿ-ն «իրենով» անել, հիմնովին քանդել այն եւ իր համար ցանկալի մարդկանց նշանակել ղեկավար բուրգում:




Լրահոս