«ԱՊՐԵՆՔ ԻՍԿԱԿԱՆ ՖԼՈՐԱՅՈՎ, ՈՉ ԹԵ ԱՐՁԱՆՈՎ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչեւ Ցեղասպանության 100-րդ տարելիցը մնացել է մեկ տարուց մի քիչ ավելի ժամանակ, սակայն, օրինակ, կինոյի բնագավառում ոչինչ արված չէ: Իսկ ի՞նչ է արվում երաժշտության բնագավառում: Այդ հարցով դիմեցինք կոմպոզիտոր Արա Գեւորգյանին, որը դեռեւս 10 տարի առաջ լուրջ ծրագրեր էր իրականացնում:

-Այդ ուղղությամբ շատ եմ անհանգստացած. մեզ պետք է, որ ամբողջ աշխարհը Ցեղասպանության մասին տեղեկացված լինի եւ դատապարտի: Սակայն կարծում եմ, որ բացի նեղ մասնագիտական կամ քաղաքական շրջանակներից` աշխարհի լայն հասարակությունը լիովին տեղեկացված չէ մեր խնդրի մասին: «Ադանա» երգը, որի տեքստի հեղինակն ամերիկացի երգիչ Դանիել Դեքերն է, թարգմանվել է 20 լեզվով, եւ տարբեր ազգերի 20 ներկայացուցիչներ այն կատարում են իրենց լեզվով: Կարծում եմ՝ դա պետք է տարածել: Ուզում եմ` այն զտենք, դարձնենք սիմվոլիկ 15 լեզվով եւ պատրաստենք նոր ձայնասկավառակ: Նաեւ այդ 15 երգիչներին հարկավոր է ընդգրկել մեր համահայկական ծրագրերում եւ 100-րդ տարելիցին ընդառաջ` կազմակերպել նրանց համերգները 15 երկրներում: Սփյուռքի, մշակույթի, արտաքին գործերի նախարարությունների եւ սփյուռքահայության միջոցով կարելի է դա իրականացնել, եւ կարեւոր է, որ այդ համերգները դիտեն օտարները, տեղեկացվեն ոճրագործության մասին: Նման համերգի փորձն արդեն ունենք. 2005-ին այդ երգիչները Հայաստանում եւ Լոս Անջելեսում տվեցին մեկական համերգ ու նաեւ Ծիծեռնակաբերդում ելույթ ունեցան:
-Իսկ այս տարի ի՞նչ ծրագրեր ունեք:
-Ավարտում եմ մեծ ծավալի մի աշխատանք՝ «Սեւ ապրիլ». իմ ստեղծագործությունն է` գրված սիմֆոնիկ նվագախմբի, երգչախմբի եւ էլեկտրոնային գործիքների համար: Տեքստը Հենրիկ Անասյանինն է, բայց սկսել էինք Արամայիս Սահակյանի հետ… Հուսով եմ՝ շատ հզոր եւ ազդեցիկ գործ է դառնալու, պարտիտուրան մասամբ պատրաստ է, եւ շուտով կանցնենք դրա ձայնագրման եւ գործնական պրոցեսին: Պայմանավորվածություն ունեմ Հովհաննես Չեքիջյանի, Էդուարդ Թոփչյանի հետ… Բայց ձայնագրման եւ այլ հարցերի համար նաեւ նյութական օգնության կարիք կա. ակնկալում եմ, որ կգտնվեն հովանավորներ: Եվս մի փոքրիկ պայմանավորվածություն կա. Մանհեթենում` Նյու Յորքի հենց սրտի մեջ՝ Թայմ Սքվեր հրապարակում, կարող է կայանալ իմ համերգը 1915 թվականի ապրիլի 26-ին։ Դա անչափ պատասխանատու եւ կարեւոր համերգ-ակցիա կարող է լինել: Ինձ համար շատ մեծ պատիվ կլինի երաժշտության, երգի ու էկրանների միջոցով պատմել մեր երկրի, նրա պատմության մասին:
-Վաղամեռիկ Ֆլորա Մարտիրոսյանը ցանկանում էր աշխարհի տարբեր երկրներում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգներ կազմակերպել միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների մասնակցությամբ։ Չե՞ք կարող համագործակցել այդ ծրագրի մյուս անդամների հետ` իրականացնելու նրա կիսատ թողածը։
-Շատ մտերիմ եմ եղել Ֆլորա Մարտիրոսյանի հետ, եւ քննարկել ենք այդ հարցում մեր ուժերը միացնելու հնարավորությունը, նա սիրով համաձայնել էր, բայց… Խոսեցի նրա համերգը նախաձեռնող կազմակերպության անդամների հետ, ասացի, որ կարող ենք մեր ուժերը միացնել, ավարտին հասցնել իմ եւ Ֆլորայի ծրագրած գործը, տվեցի իմ հեռախոսահամարները: Մինչեւ հիմա սպասում եմ։
-Ի՞նչ կարծիքի եք երգչուհու` Լեւոն Թոքմաջյանի կերտած կիսանդրու մասին։
-Նրա կիսանդրին կերտել է Հայաստանի լավագույն քանդակագործներից մեկը… Մասնագետ չեմ, չեմ կարող գնահատականներ տալ, սակայն կարծում եմ՝ մեր հիշողության մեջ սիրելի Ֆլորան կմնա իր գեղեցիկ ձայնով եւ հրաշալի կատարումներով: Իսկ հուշարձաններն արվեստի գործեր են, ստեղծագործողի երեւակայության, մտքի թռիչքի արգասիքը: Եվ դա հաճախ ցավ է պատճառում մահացածի հարազատներին, ովքեր այդ ամենին ուրիշ տեսանկյունից են մոտենում: Ինքս բախվել եմ նման խնդրի եւ կիսում եմ նրանց մտահոգությունը: Ժամանակին Առնո Բաբաջանյանի արձանի մասին էլ իրարամերժ կարծիքներ հնչեցին, բայց այսօր այն դարձել է մեր քաղաքի սիմվոլներից մեկը: Ի դեպ, երբ այն ժամանակ քաղաքապետ Ռոբերտ Նազարյանն ինձ հարցրեց, թե ինչ կարծիք ունեմ այդ արձանի մասին, պատասխանեցի, որ այն հոյակապ քանդակված է, պարզապես եթե այն լիներ ցուցահանդեսում, այդպիսի խորթություն չէինք զգա, կդիտեինք որպես արվեստի գործ: Ամեն դեպքում, կարեւորը Ֆլորա Մարտիրոսյանին հիշելը եւ գնահատելն է։ Ապրենք իսկական Ֆլորայով, ոչ թե արձանով:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս