ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀԱՐՑ. Եթե ընկերությունում հաստիքներ են կրճատվում, ապա դա կարո՞ղ է հիմք հանդիսանալ, որպեսզի աշխատողն ազատվի աշխատանքից: Եվ, ընդհանրապես, աշխատողին քանի՞ օր առաջ պետք է տեղյակ պահվի, որ նա ազատվում է աշխատանքից:

Լիա Դանիելյան (35 տարեկան, օպերատոր)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծել անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաեւ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը, նաեւ «արտադրության ծավալների եւ (կամ) տնտեսական եւ (կամ) տեխնոլոգիական եւ (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման եւ (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի եւ (կամ) հաստիքների կրճատման դեպքում»:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` վերոնշյալ հիմքով «աշխատանքային պայմանագիրը գործատուն կարող է լուծել, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից: Գործատուի մոտ համապատասխան հնարավորությունների բացակայության դեպքում պայմանագիրը լուծվում է առանց աշխատողին այլ աշխատանք առաջարկելու»:

«Իրավունքի իրազեկում» հ/կ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թերեւս ցանկալի կլիներ` պատասխանում հստակ ժամկետ նշված լիներ, թե աշխատանքից հեռացնելուց քանի օր առաջ պետք է տեղյակ պահել քաղաքացուն: Եվ շատերը կփաստեն, որ մեր երկրում աշխատողների իրավունքները հաճախ ոտնահարվում են:

 

ՀՈԳԵՎՈՐ

ՀԱՐՑ. Մոտ մեկ ամսից պետք է ամուսնանամ: Երբ դիմեցինք եկեղեցի` պսակադրության արարողության գրանցման համար, մեզ տեղեկացրին, որ անպայման պետք է ներկայացնենք մկրտության մասին հավաստող փաստաթուղթ: Արդյո՞ք մկրտության ժամանակ տրվում է որեւէ հավաստող փաստաթուղթ, եթե այո, ապա ի՞նչ կարգով կարելի է այն ստանալ: Եվ իրո՞ք այդ փաստաթղթի առկայությունը պարտադիր պայման է պսակադրության արարողության համար:

Լիանա Հունանյան (26 տարեկան, թարգմանչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, մկրտության վկայական տրվում է: Դրա համար պետք է դիմել այն եկեղեցու հոգեւորականներին, որտեղ մկրտվել եք: Եկեղեցիներում պսակադրության համար մկրտության վկայական ներկայացնելու անհրաժեշտություն չկա: Բացառությամբ վանքերի, եթե պսակը պետք է կատարվի վանքերից որեւէ մեկում, ապա այնտեղ պահանջում են մկրտության վկայական:

Արարատյան հայրապետական թեմ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վերջերս պսակադրվել ցանկացողները հաճախ են ընկնում նման քաշքշուկների մեջ: Եվ հետաքրքիրն այն է, որ մի եկեղեցում այդ փաստաթուղթը ներկայացնելն անհրաժեշտ է, իսկ մյուսում՝ ոչ: Կարծում ենք` սա էլ եկեղեցական կյանքում նորություն է, որը կամաց-կամաց կզարգանա եւ պարտադիր բնույթ կկրի:




Լրահոս