Հ. Աբրահամյանի հետ հանդիպումից հետո գործարար պատգամավորները կլքե՞ն խորհրդարանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարությունում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է գործարար պատգամավորներին, որոնց թվում է եղել նաև  Ալեքսան Պետրոսյանը:  Հանդիպման արդյունքների մասին armlur.am-ը զրուցեց պատգամավորի հետ:

-Պարո՛ն Պետրոսյան, ինչո՞վ էր կարևոր այս հանդիպումը, Դուք՝ որպես գործարար պատգամավոր, որևէ առաջարկներ այսօրվա հանդիպմանը հնչեցրե՞լ եք:

-Ես  հանդիպմանը մասնակցում էի որպես պատգամավոր, ոչ թե որպես գործարար: Երկրորդ`այս  հանդիպմանը տարիներ շարունակ սպասում էին շատ արտադրողներ: Հանդիպման ժամանակ քննարկվել է մեր երկրի տնտեսության առողջացման, հարկային պարտականությունների կատարման հարցերը, ինչպես նաև կարևորվել է այն, որ քաշքշուկներ չպետք է լինեն բյուրոկրատների և չինովնիկների միջև: Մի խոսքով` քննարկվել է այն ամենը, ինչը ձեռք է տալիս թե´ իշխանությանը,  թե´պետությանը, թե´ արտադրողներին:

-Հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ գործարարներից ակնկալում է անկեղծ գնահատականներ, առաջարկություններ: Փաստորեն, նախկինում գործարարների և կառավարության միջև չկա՞ր անկեղծություն, վստահություն: Եվ հիմա՞ պետք է այդ մթնոլորտը ձևավորվի:

-Չէ, ոչ թե չի եղել, այլ բավարար չափով չի եղել: Հովիկ Աբրահամյանի այդ հայտարարությունը նշանակում է, որ կառավարությունը նոր մոտեցում է դրսևորում:

Նույնիսկ վարչապետն ասաց, որ կգնա ու առանձին-առանձին կհանդիպի տնտեսության բոլոր ճյուղերի ներկայացուցիչների հետ, որպեսզի հասկանա խնդիրները ու օգնի նրանց: Իմիջիայլոց, ասեմ, որ դրական հանդիպում էր, այն դրական լիցքեր հաղորդեց բոլոր արտադրողներին, քանի որ շատ հարցեր, որ մեր գործարարները չգիտեին` ինչ խողովակներով հասցնել կառավարությանը, վարչապետը հնարավորություն ընձեռեց   բոլորին իրենց խնդիրները ներկայացնել:

-Պրն Պետրոսյան, Դուք խոսեցիք գործարարների կողմից շատ հարցերի լուծումը  չգտնելու մասին: Բայց հայտնի է, որ բիզնես ոլորտի խնդիրների լուծման առաջին և հիմնական ուղին, այսպես ասած, «տանիք»` պատգամավորական մանդատ ունենալն է, որն առաջացրել է, ինչպես հայտարարում են ընդդիմադիրները, բիզնեսի և իշխանության սերտաճում:

-ՀՀ վարչապետը հայտարարեց, որ այսօրվանից պարտադիր չէ բիզնեսը պահելու համար պատգամավոր, նախարար կամ չինովնիկ լինել: Բիզնեսը պետք է այնպես պահպանված լինի, որ նման խնդիրներ չառաջանան:  Ինձ թվում է` այս հանդիպումն իր դրական արդյունքը մոտ ապագայում կունենա:

-Հնարավո՞ր է՝ այս հանդիպումից հետո շատ գործարար-պատգամավորներ լքեն խորհրդարանը և զբաղվեն միայն բիզնես գործունեությամբ:

-Հնարավոր է, ամեն ինչ էլ հնարավոր է: Ամեն ինչ կախված է երկրի տնտեսության զարգացումից: Մեր տնտեսությունը՝ լավ, թե վատ, գնալով զարգանում է: Հարցն այն է, թե մեր տնտեսությունն ինչքան ժամանակում կզարգանա:

-Պրն Պետրոսյան, ասում եք` բիզնեսով չեք զբաղվում, բայց Դուք 1995-ից Էջմիածնի շրջանի Լենուղի գյուղի «ՄԱՊ» ՓԲԸ գործադիր տնօրեն և խորհրդի նախագահն եք: Հիմա դուք կընտրե՞ք գործարարությունը, թե՞ կնախընտրեք մնալ պատգամավոր:

-Ես ընդհանրապես բիզնեսով չեմ զբաղվում: Արդեն տասը տարի է` բիզնեսով զբաղվում է իմ տղան:

-Այսինքն` Դուք կշարունակեք զբաղվել քաղաքական գործունեությա՞մբ:

-Չէ՛, դե հիմա ինչ պարտադիր է: Կարող է, ուզում եմ գնամ հանգստանամ:  Եթե 40 տարի աշխատում ես, պետք է մի 10 տարի  էլ հանգստանաս:

-Հստակեցնենք` առաջիկայում քաղաքական դաշտում Ձեզ կտեսնե՞նք:

-Դե, դեռ երեք տարի կա չէ մինչև հաջորդ խորհրդարանական ընտրությունները: Դե երևի առիթ կլինի, իրար հետ կնստենք, կորոշենք: Ի՞նչ ասեմ (ծիծաղում է-խմբ.):

Սոնա Դավթյան




Լրահոս