Երեկ` ժամը 15:00-ին, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Գեղարքունիքի մարզպետ, ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանի ներկայացրած հայցի քննությունն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի: Եւ քանի որ «Ժողովուրդ»-ն էլ իր հերթին է հակընդդեմ հայցով դիմել դատարան, ուստի անհրաժեշտ էր, որ դատավոր Արթուր Թամրազյանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 22 հոդվածի կանոններով, նշանակեր նախնական դատական նիստ: Սակայն դատավորը խախտել է օրենքը:
Երեկվա դատական նիստի ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթի ներկայացուցիչ Հակոբ Ճարոյանը միջնորդեց, որ դատավորն անցկացնի նախնական դատական նիստ, քանի որ ներկայացվել է հակընդդեմ հայց, եւ ապացուցման խնդիրներ կան: Սակայն մարզպետի ներկայացուցիչներն առարկեցին: Իսկ գործում որպես երրորդ անձ ներգրավված Աննա Թորոսյանը համաձայնեց «Ժողովուրդ»-ի ներկայացուցչի հետ: Երբ դատավորը մերժեց օրաթերթի ներկայացուցչի միջնորդությունը, Ճարոյանը 3 օր ժամանակ խնդրեց դատավորից` նրան ինքնաբացարկ ներկայացնելու համար: Այս միջնորդությունը բավարարվեց: Դատական հաջորդ նիստը կկայանա հունվարի 19-ին` ժամը 16:00-ին:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Աննա Թորոսյանի խոսքերն այն մասին, որ մարզպետ Պողոսյանը 3000 դոլար կաշառք է վերցրել իր վարորդի միջոցով` դպրոցի պատմության ուսուցչի քննության ժամանակ Թորոսյանի մրցակցին անցկացնելու համար: Այս հրապարակումից մարզպետը վիրավորվել է: Պողոսյանն օրաթերթից պահանջում է 2,5 մլն դրամ իրեն զրպարտելու եւ վիրավորելու դիմաց, իսկ «Ժողովուրդ»-ը հակընդդեմ հայցով մարզպետից հրապարակային ներողություն է պահանջում եւ սիմվոլիկ մեկ լումայի փոխհատուցում:
ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ ԴԱՏԱՎՈՐԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ