Human Rights Watch. Հայաստանի իշխանությունները շարունակում են ոտնահարել մարդու իրավունքները.

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի իշխանությունները շարունակում են ոտնահարել մարդու իրավունքները, մինչդեռ միջազգային գործընկերները ամբողջովին չեն օգտագործում իրենց ազդեցության լծակները՝ իրավիճակը բարելավելու համար: Համենայնդեպս, այդ է պնդում միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը կիրակի հրապարակած հերթական տարեկան զեկույցում։ Փաստաթղթում կազմակերպությունն արձանագրում է, որ 2011թ. ընթացքում պաշտոնական Երեւանը կրկին էական առաջընթաց չի արձանագրել մարտիմեկյան տասը սպանությունները բացահայտելու գործում, սահմանափակել է հավաքների ազատությունը եւ բավարար քայլեր չի կատարել՝ բանակում ու անազատության վայրերում արձանագրված մահվան դեպքերը բացահայտելու համար։ “2008թ. մարտյան ողբերգական իրադարձություններից ավելի քան երեք տարի անց՝ այսօր էլ, դեռևս որեւէ բովանդակալից հաշվետվություն չի ներկայացվել իրավապահների կողմից ուժի անհամաչափ գործադրման վերաբերյալ”,- փաստում է զեկույցն ու հավելում. ” Երեւանի քաղաքապետարանը 2011թ. ապրիլին արտոնեց ընդդիմությանը բողոքի ցույցը Ազատության հրապարակում, այդուամենայնիվ, ընդդիմության ակտվիստները հայտարարում են, որ իշխանությունները խոչընդոտել են այլ քաղաքներից ցուցարարների տեղաշարժն ու մասնակցությունը մայրաքաղաքում կազմակերպվող զանգվածային միջոցառումներին”։Զեկույցը փաստում է, որ Հայաստանում շարունակում են լուրջ խնդիր մնալ ոստիկանությունում ու բանակում իրականացվող կտտանքներն ու դաժան վերաբերմունքը, որոնց մասին հաղորդում են տեղական ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները։”Օգոստոսին ոստիկանությունը ծեծի ենթարկեց եւ ձերբակալեց Հայ ազգային կոնգրեսի մի քանի ակտիվիստների, յոթին մեղադրանք առաջադրվեց խուլիգանության ու իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Ու թեեւ բժիշկները նրանց մոտ վնասվածքներ էին հայտնաբերել, այդուամենայնիվ, որևէ քննություն չիրականացվեց ոստիկանության գործողությունների շուրջ”, – արձանագրում է Human Rights Watch-ը և հավելում, որ բռնություններից ու կտտանքներից բացի` Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը ստվերում են նաև չպատճառաբանված մահվան դեպքերը ազատազրկման վայրերում ու բանակում։Մամուլի ազատությանը նվիրված բաժնում կազմակերպությունը փաստում է, որ իշխանությունները ապաքրեականացրել են վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսված հոդվածները, սակայն փոխարենը` դատարանները սկսել են մեծ տուգանքներ ու ոչ համաչափ փոխհատուցումներ սահմանել, որոնք ,որոշ դեպքերում սպառնալիք են դարձել թերթերի գոյության համար” ։ Զեկույցի վերջում Human Rights Watch-ը փաստում է, որ 2011-ին Հայաստանի միջազգային գործընկերներից մի քանիսը սահմանափակել են իշխանությունների հասցեին իրենց քննադատությունը։ “2011թ. հոկտեմբերին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը բանաձեւ ընդունեց Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ, արձանագրելով, որ 2008թ. մարտի 1-ի էջը վերջապես կարելի է փակված համարել”,- հիշեցնում է Human Rights Watch-ն ու անհարկի որակում Հայաստանի կառավարությանը տրված այդ վստահությունը։




Լրահոս