ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացավ մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը: Փոխվարչապետը նախ շնորհավորեց Արարատի, Կոտայքի եւ Տավուշի նորանշանակ մարզպետներին եւ արդյունավետ աշխատանք մաղթեց:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մասնակցությամբ քննարկվեցին համայնքների տարածքներում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանության հետ կապված հարցեր: Կարեւորվեց պատմամշակութային հուշարձանների պահպանության հարցում համայնքների ղեկավարների հետ համագործակցությունը:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ մշակույթի նախարարության ներկայացուցիչներն առաջիկայում կմասնակցեն մարզխորհրդի նիստերին՝ հարցի հետ կապված իրենց մոտեցումները ներկայացնելու, արձանագրված խախտումների մասին տեղեկացնելու եւ համագործակցության վերաբերյալ մեխանիզմներ առաջարկելու նպատակով: Քննարկվեցին նաեւ սահմանամերձ համայնքների աշակերտների համար մայրաքաղաք ճանաչողական եւ մշակութային այցերի կազմակերպմանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ մարզպետներն առաջիկայում համապատասխան տեղեկություններ կտրամադրեն Մշակույթի նախարարությանը:
Նախատեսվում է, որ այցերը կմեկնարկեն սեպտեմբերից: Քննարկվեցին նաեւ 2013-2014 ուսումնական տարվա ավարտական միջոցառումներին, դրանց պատշաճ անցկացմանը վերաբերող հարցեր: Խորհրդակցությանն անդրադարձ եղավ նաեւ մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման հինգերորդ հրատապ ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման հետ կապված հարցերին: Մարզպետները տեղեկացրեցին, որ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ նախապատրաստական եւ նախագծային աշխատանքները հիմնականում ավարտված են: Ներկայացվեցին նաեւ հանրապետության համայնքների սեփական եկամուտների 2014թ. առաջին չորս ամիսների կատարողականի ցուցանիշները: Նշվեց, որ համայնքների սեփական եկամուտների (հիմնական հինգ հարկատեսակների մասով) կատարողականը կազմել է 101,2 տոկոս` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 19,2 տոկոս աճ:
Հողի հարկի կատարողականը կազմում է 78,3, գույքահարկինը՝ 107,7 տոկոս: Փոխվարչապետը մարզպետներին առաջարկեց մշտական ուշադրության կենտրոնում պահել խնդիրը եւ հետեւողական լինել համայնքների սեփական եկամուտների հավաքագրումների նկատմամբ: Քննարկվեցին նաեւ հունիսի 8-ին հանրապետության մի շարք համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ կապված կազմակերպչական հարցեր:
Մարզպետները տեղեկացրեցին, որ ԿԸՀ կողմից հաստատված ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցով նախատեսված աշխատանքներն իրականացվում են:Խորհրդակցությանն անդրադարձ եղավ ընթացիկ մի շարք այլ հարցերի եւս:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին