ԱՆԱՐԺԱՆԱՀԱՎԱՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ ՊԵԿ  նախագահ Գագիկ Խաչատրյանը ՀՀ ամենահարուստ  պաշտոնյաներից մեկն է, ում պատկանում են բազմաթիվ խոշոր բիզնեսներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, գաղտնիք չէ: Այդ մասին մամուլը բազմիցս է գրել: Դեռեւս ամիսներ առաջ «Ժողովուրդ»-ը հրապարակել էր նաեւ Խաչատրյանին պատկանող  մի քանի տասնյակ  հեկտար անտառապատ տարածք զբաղեցնող առանձնատան լուսանկարը, որի  կառուցման համար հատվել էին հազարավոր ծառեր: Ցանկացած նորմալ երկրում նման հրապարակումից հետո տվյալ պաշտոնյան առնվազն կզրկվեր պաշտոնից:  Հայաստանում, սակայն, հակառակն է: Մեր  հրապարակումից կարճ ժամանակ անց մամուլում տեղեկություն հայտնվեց  այն մասին, որ Խաչատրյանը  գնել է ավստրիական հայտնի «Մոցարտ» շոկոլադ արտադրող ընկերությունը:  Այս լուրը մի քանի օր  թեթեւ ալեկոծություն առաջացրեց լրատվական եւ գործարար դաշտում,  սակայն Բաղրամյան 26-ի միջամտությունից  եւ  Խաչատրյանի հետ ինչ-ինչ հարցերի վերանայումից հետո թեման փակվեց: Բայց, ինչպես երեւում է, կա՛մ  Խաչատրյանի կողմից խախտվել է վերը նշված օղակի հետ ձեռք բերված համաձայնությունը,  կա՛մ ՊԵԿ նախագահի նման «հալալ քրտինքով» ապրող  օլիգարխ-պաշտոնյաներից ոմանք ոչ մի կերպ չեն կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ Խաչատրյանն այդպիսի մասշտաբների է հասել, քանի որ երեկ  «Մոցարտ»-ի թեման կրկին թարմացվել է: Լրագրողներն այդ մասին հարցրել են   ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանին, եւ նա հայտարարել է, թե «Մոցարտ»-ի ձեռքբերման  լուրը  «կա՛մ լրագրողների, կա՛մ ինչ-որ ինֆորմացիոն աղբյուրի երեւակայության արդյունք է»` իր այդ պնդումը հիմնավորելով եվրոպական երկրներում գործող խիստ օրենսդրությամբ: Հետաքրքիր է, Ալավերդյանը որտեղի՞ց գիտի, թե իր շեֆն ինչ է գնել կամ չի գնել: Ի՞նչ է, Խաչատրյանն իր  ունեցվածքի մասին զեկուցո՞ւմ է իր ենթակային:  Եթե այդպես է, ապա նա դրա համար լուրջ պատճառներ պետք է ունենա, ասենք` համատեղ բիզնես, իսկ եթե ոչ, ապա Ալավերդյանի նպատակն ընդամենը շեֆին ծառայություն մատուցելն է` տվյալ դեպքում միանգամայն անհամոզիչ փաստարկներ  բերելով: Նրա պնդումները, թե  «եվրոպական երկրներում  խոշոր ընկերություն գնելը, ինչպես մենք ենք պատկերացնում, անհնար է», մեղմ ասած լուրջ  չեն:  Որպես օրինակ կարելի է հիշել հենց թեկուզ Տիգրան Արզաքանցյանի` Ֆրանսիայում գնած կոնյակի գործարանը: Ի՞նչ է, Խաչատրյանն Արզաքանցյանից քի՞չ փող ունի, թե՞ նրանից պակաս  է տիրապետում եվրոպական օրենսդրությանը: Եթե այդպես է, ապա իր ենթակայության տակ  ունի այնպիսի հմուտ խորհրդատու, ինչպես Արմեն Ալավերդյանն է: Թեպետ վերջինս էլ  իր հերթին խորհրդատուի կարիք ունի` շեֆի ունեցվածքի մասին առավել արժանահավատ հայտարարություններ անելու  առումով: Իսկ արտերկրում հայ օլիգարխ-պաշտոնյաների գնած ունեցվածքը թվարկելու համար մեր խմբագրականի սյունակը, ցավոք, չի բավականացնի:




Լրահոս