ԱՂՋԿԱ ՊԱՏՃԱՌՈՎ ԵՆ ԿՐԱԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ նախօրեին Երեւանի Տիգրանյան փողոցում` «Նիկո» կահույքի սրահի հարակից տարածքում, մի քանի երիտասարդներ միմյանց վրա  են կրակել: Կրակոցների համահեղինակներից են եղել  «Նիկո» կահույքի սրահի սեփականատիրոջ եղբորորդին եւ «Դավիդով» ֆիրմայի ծխախոտ ներկրող «Ավերս» ընկերության սեփականատիրոջ` Արթուր Մանվելյանի որդիները: Մեզ չհաջողվեց վերջիններիս գտնել իրենց աշխատավայրերում: Ըստ աշխատակիցների` իրենց ղեկավարները խիստ հազվադեպ են «էրեւում», խառն են, զբաղված են եւ անգամ մեկ րոպե չունեն մեր հարցերին պատասխանելու համար:
Հիշեցնենք, որ «Նիկո» կահույքի սրահի տարածքում մոտ  50 երիտասարդներ երկար ժամանակ վիճաբանել են: Նախ նրանք հանգիստ «տոնով» են զրուցել, հետո սկսել են գոռգոռալ, իսկ քիչ անց արդեն կրակել են միմյանց ուղղությամբ: Սկզբում կրակ է արձակվել «Նիկո»-ի ուղղությամբ: Այնուհետեւ մոտ 50 մետր հեռավորության վրա գտնվող արծաթագույն «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայից դուրս է եկել մի երիտասարդ, մեքենայից հանել իր մոտ եղած  զենքը եւ այն դնելով «կապոտի» վրա` սկսել է կրակել տարբեր ուղղություններով:
 «Դավիդով» ծխախոտ ներկրող «Ավերս» ընկերության սեփականատերերը Կարո Շահբազյանը, Արսեն Արսենյանը եւ Արթուր Մանվելյանն են: Պարզեցինք, որ Մանվելյանի որդիները հաճախակի են հայտնվում նման իրավիճակում: Նրանք հայտնի են իրենց հախուռն բնավորությամբ, եւ եթե հարցն իրենց ուզածով չի լուծվում, դիմում են նման քայլի: Այդ է պատճառը, որ հենց «Ավերս» ընկերության սեփականատիրոջ որդիներն են կրակ բացել «Նիկո»-ի վրա:
 «Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով` այս միջադեպը կապված է ինչ-որ աղջկա հետ: Մենք երեկ տեղեկացրել էինք, թե կրակողներն ուսանողներ են եւ միասին նույն համալսարանում են սովորում: Պարզվում է` հակառակորդները նույն աղջկանով են հետաքրքրված եւ օրեր շարունակ վիճաբանել են նրա համար: Եւ բանը հասել է նրան, որ միմյանց վրա կրակահերթ են բացել:
Ինչեւիցե, երեկ փորձեցինք զրուցել «հերոսների» ծնողների հետ` պարզելու համար, թե իրենց զավակների մոտ որտեղից են հայտնվել այդ զենքերը, եւ արդյոք իրենք տեղյակ են, որ իրենց որդիները քաղաքում շրջում են` զենքը ձեռքներին: Այցելեցինք «Նիկո» կահույքի սրահ, որտեղ, ինչպես եւ նախօրեին, շատ վախվորած դեմքով պատասխանեցին, որ իրենք մեզ ոչ մի բանով չեն կարող օգնել եւ ոչնչից տեղյակ չեն:
Հիշեցնենք, որ դեպքից րոպեներ անց մենք զանգահարել էինք «Նիկո» կահույքի սրահ` պարզելու, թե ինչ է կատարվում այնտեղ, սակայն աշխատակիցները  պատասխանել էին, որ իրենց սրահում ոչ մի դեպք չի գրանցվել: Իսկ երեկ կահույքի սրահում 40-ամյա մի տղամարդ, որը ներկայացավ որպես սրահի աշխատակից Սաշա,  ասաց, որ տեղում ոչ ոք չկա. «Ստեղ չեն, մենք էլ բան չենք լսել, որ բան ասենք, մենք համար չունենք իրանցից, մենք տեղեկություն չունենք` ուր են, որտեղ են, եւ եթե անգամ համար էլ ունենայինք,  չէինք տա, ու ընդհանրապես, որ պետք լինի,  իրանք կտան բացատրություն, թե ինչ ա եղել, ընդհանրապես իրանք մեկ-մեկ են էրեւում ստեղ ու վերջ, էլ մենք ոչ մի բան չգիտենք»:
Փաստը մնում է փաստ, որ «Նիկո»-ի սեփականատեր Աշոտը եւ նրա եղբայր Արմենն անհետ կորել են, վերջիններիս ոչ մի կերպ չի հաջողվում գտնել, իսկ նրանց հեռախոսահամարներն անհասանելի են: Ինչ վերաբերում է կրակող մյուս կողմին` «Ավերս»-ի սեփականատեր Արթուր Մանվելյանի որդիներին, ապա նրանք եւս չեն պատասխանում հեռախոսազանգերին, իսկ նրանց աշխատակիցներն էլ  պատճառաբանում են, որ իրենց «շեֆերը» շատ զբաղված են  եւ մեր հարցերին չեն կարող պատասխանել: Աշխատակիցներից Արմենը նշեց, որ Արթուր Մանվելյանը շատ զբաղված է, եւ հրաժարվեց հեռախոսը փոխանցել նրան: Այցելեցինք նաեւ «Ավերս» ընկերություն, որտեղ աշխատակիցը չթույլատրեց ներս մտնել` ասելով, որ տեղում մարդ չկա, իսկ ղեկավարությունը շատ զբաղված է:
Նշենք, որ  այս կրակոցներից տուժել է մի երիտասարդ, որին տեղափոխել են Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Սակայն այնտեղից եւս հրաժարվեցին մեզ տեղեկություն տրամադրել: Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացանք, որ դեպքի հանգամանքները դեռեւս պարզվում են:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս