ՆԱԶԱՐՅԱՆԻ ԴԱՏՆ ԷԼԻ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս 2010 թվականի հուլիսի 27-ին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատական նիստերը երեկ որոշվեց Երեւանից կրկին Տավուշի մարզ տեղափոխել: Այսինքն` դատավորների քմահաճույքի պատճառով այս դատական պրոցեսն «առաջ» չի գնում, քանի որ մի քանի ամիս էր, ինչ դատն այնտեղից տեղափոխվել էր Երեւան, ինչի համար անգամ միջնորդել էր ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը:
Երեկ դատավոր Սամվել Մարդանյանը որոշեց սպա Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարությունը Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանից տեղափոխել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Արտակ Նազարյանի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ նիստի սկզբում դատավորը հրապարակել է իր որոշումը`  պատճառաբանելով, որ վկաների մեծ մասը գտնվում է Տավուշի մարզում,  ուստիեւ դատավարությունը կրկին որոշել են տեղափոխել այնտեղ: Որոշումը հրապարակելուց հետո դատավորն արագորեն լքել է դահլիճը եւ հարկ էլ չի համարել լսել տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանի հայտարարությունը:
Մեր զրուցակիցը հավելեց, որ դատավորի այս որոշումից հետո դահլիճում աղմուկ է բարձրացել, եւ ամբաստանյալների ծնողները դժգոհել են դատավորի արարքից: Ըստ տիկին Հասմիկի` այս որոշումը կապված է նախօրեին դատարանի դահլիճում  ծագած խառնաշփոթ իրավիճակի հետ, երբ ցուցմունք էր տալիս գործով առանցքային վկա Արման Մնացականյանը. «Ճիշտ է, խառնաշփոթ եղավ, աղմուկ բարձրացավ դատի ժամանակ, բայց դա այդքան մեծ աղմուկ չէր, որ որոշեցին դատը տեղափոխել, դա ընդամենը պատրվակ էր»:
 Ի դեպ, Արտակի մայրը նշեց, որ գործով վկա Արման Մնացականյանը հակասական ցուցմունքներ է տվել` տհաճ դրության մեջ դնելով դատավորին եւ մեղադրող կողմին:  Նրա կարծիքով` դատավարությունը տեղափոխում են Երեւանից դուրս, որպեսզի հնարավորինս կոծկեն գործի հանգամանքները:
Հիշեցնենք, որ Արտակ Նազարյանը մահացել է 2010թ. հուլիսի վերջին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված «Մեհրաբներ» զորամասի հսկողությանը հանձնված մարտական հենակետերից մեկում: Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության պաշտոնական վարկածով նա ինքնասպան է եղել, իսկ գործով մեղադրանք է առաջադրվել Արտակ Նազարյանի հինգ ծառայակիցներին` նրա գումարտակի ԱՏՀԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանին, հարեւան «Լույս» հենակետի ավագ լեյտենանտ Վահագն Հայրապետյանին, շարքայիններ Մխիթար Մխիթարյանին, Ադիբեկ Հովհաննիսյանին եւ Հարութիկ Կիրակոսյանին: Նրանք չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքը: Արտակ Նազարյանի հարազատները եւ իրավապաշտպանները վստահ են, որ երիտասարդ լեյտենանտին սպանել են, իսկ համապատասխան կառույցները կոծկում են այդ փաստը:
Տիկին Հասմիկը նշեց, որ դատական նիստի ավարտից հետո ամբաստանյալների հարազատներն իրենց հետ շարժվել են նախագահի նստավայր` իրենց բողոքը հայտնելու: Այնտեղ նրանց խորհուրդ են տվել դիմել Արդարադատության խորհուրդ` պատճառաբանելով, որ միայն  խորհուրդը կարող է բեկանել դատավորի որոշումը: Մեր զրուցակիցը նշեց, որ ինքն ամեն ինչ անելու է այս օրերին Սերժ Սարգսյանին հանդիպելու համար, քանի որ դատավորներն ամեն բան անում են վկաների համար, իսկ տուժողի կարծիքն ընդհանրապես հաշվի չեն առնում:
Դատական հաջորդ նիստը նշանակվել է հունվարի 24-ին` ժ. 14-ին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջեւանի նստավայրում:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս