ՄԻ՛ ԳՈՒՆԱԲԱՑԵՔ ՁԵՐ ՄԱԶԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոճաբան-վարսահարդար ԱՆԻ ԱՎԴԱԼՅԱՆԻՆ գիտեն հայկական շոու բիզնեսի բոլոր ներկայացուցիչները: Նրան դիմում են շատ հայտնի մարդիկ, իսկ մշտական հաճախորդների մեջ են Սիրուշոն, Սոֆի Մխեյանը… «Ժողովուրդ» օրաթերթի  անցկացրած հարցման շրջանակներում մի անգամ արդեն պարզեցինք, թե ովքեր են մեր շոու բիզնեսի ոճային դեմքերը: Հիմա  կիմանաք, թե ովքեր են օրիգինալ եւ իրենց արտաքինի հարցում ամենապահպանողական կերպարները:
-Նախ սկսենք նրանից, թե մեր կատարողներից ովքեր ունեն սխալ, իրենց ոչ սազող սանրվածք:
-Ես իրավունք չունեմ մեղադրելու մի մարդու, ով իրեն այլ կերպ չի ուզում տեսնել: Դա արդեն հոգեվիճակ է, ցանկություն: Ես միշտ նշել եմ` եթե դուք որոշել եք դառնալ բեմի մարդ, ուրեմն պետք է պատրաստ լինեք փոփոխությունների, որովհետեւ դուք նախ շոյում եք մարդկանց աչքը, ապա ականջը: Դա միանշանակ այդպես է: Նույնիսկ ամերիկյան պրոդյուսերները սկզբում աշխատում են տեսքի, հետո ձայնի վրա:
-Ովքե՞ր են մեր հայտնի էքստրավագանտ կերպարները:
-Սոֆի Մխեյանը: Ոչ թե որ ես եմ նրա հետ աշխատում, դրա համար այդպես ասացի, այլ որովհետեւ նույնիսկ որպես կողքից դիտող` այդպես է: Երբ Սոֆին դուրս է գալիս բեմ, նրա համար հատուկ արվում է հագուստ, հագուստին հարմարեցվում է սանրվածքն ու դիմահարդարումը: Նա իդեալական է պատրաստվում բեմին, ցանկացած նկարահանմանը, տեսահոլովակին… Մնացածների դեպքում ես դա չեմ նկատել: Փոփոխությունների առումով էլ Սոֆին բավականին համարձակ է:
-Իսկ ո՞վ է ամենապահպանողականը:
-Ալլա Լեւոնյանը: Ես նրա հետ էլ եմ աշխատում եմ: Երբ շփվում ու ճանաչում ես Ալլային, հասկանում ես, որ նա շատ պահպանողական է, զուսպ, էքսպերիմենտներ չի սիրում:  
-Որպես մասնագետ` կասե՞ք, թե այս տարի մազերի որ գույնը եւ որ սանրվածքներն են նորաձեւ: Համատարած «կառե՞» կտրեն, թե՞ «դիֆուզոր» անեն:
-Դա այն հարցն է, որին ես երբեք չեմ պատասխանել ու չեմ էլ պատասխանի: Նորաձեւությունը ես չեմ վերագրում գույնին, սանրվածքի ձեւին… Դա չէ նորաձեւությունը: Մեկը կարող է շատ նորաձեւ սանրվածք ունենալ, բայց դա չսազի իր դիմագծերին: Կարող է լավ հագուստ կրել, բայց դա էլ չընդգծի իր գեղեցկությունը: Պետք չէ նորաձեւության գերի լինել, կարելի է նորաձեւ դետալներ վերցնել ու ամեն ինչ հարմարեցնել սեփական անհատականությանն ու կերպարին:
-Փաստորեն, երբ 2 տարի շարունակ Հայաստանում աղջիկները համատարած «կառե» էին կտրում, դա նորաձե՞ւ չէր:
-«Կառեն» միշտ էլ նորաձեւ, դասական սանրվածք է եղել, այն երբեք նորաձեւությունից դուրս չի գալիս: Յուրաքանչյուր դիզայների մոտ յուրաքանչյուր սեզոնին կարելի է տեսնել այդ սանրվածքը: Բայց մեր հայ աղջիկները երեւի թե երգչուհի Ռիհաննայի մազերի ազդեցությունից սկսեցին կտրել իրենց մազերը: Դա էլ պահի ազդեցությունն էր: Հիմա էլ մեր աղջիկները երկարացնում ու բացացնում են մազերը:
Եթե ես համամիտ չեմ հաճախորդի հետ, ապա չեմ իրականացնում նրա ցանկությունը, անկախ նրանից` նա դա ուզում է, թե ոչ:
-Ինչպիսի՞ կարեւոր խորհուրդներ կտայիք հայ աղջիկներին: Ի՞նչը չի սազում մեզ, բայց մենք դա անում ենք: Ըստ իմ սուբյեկտիվ կարծիքի` շատ անճաշակ ու տգեղ են նայվում սեւուկ, տիպիկ հայկական արտաքինով աղջիկները, որոնք գունաբացում ու շեկացնում են իրենց մազերը:
-Դուք չեք պատկերացնի, թե այդ երեւույթն ինձ վրա ինչպես է ազդում: Երբ տեսնում եմ այդ տեսակ աղջիկների, իմ երեւակայությունը միանգամից արգելափակվում է: Վերջապես հասկացե՛ք` դա մերը չէ ու երբեք էլ չի կարող լինել: Եթե անգամ ամենագեղեցիկ աղջիկն էլ ունի գունաբացած մազեր, նա նայվում է շատ արհեստական: Ինչ ուզում ես արա՛, միեւնույն է, արմատները մուգ են գալիս: Իսկ մուգ արմատներով շիկահերներ հայերը չեն ունեցել ու չեն էլ ունենա: Չեմ հասկանում նաեւ այդ շիկահեր կանանց վարսահարդարներին: Ես հաճախորդին այդքան էլ չեմ մեղադրում, միգուցե ինքը չի հասկանում, որ դա գեղեցիկ չէ, բա վարսահարդարն ինչո՞ւ է դա իրագործում:  Մեր աղջիկները պետք է հասկանան, որ դա մեր մաշկի երանգին ու դիմագծերին այդքան էլ չի սազում: Չնայած հիմա արդեն համեմատաբար քիչ եմ նկատում արհեստական շիկահերների:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս