ԼՍՈՒՄՆԵՐ` ՃՈԽ ՖՈՒՐՇԵԹԻ ՈՒՂԵԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատելով ԱԺ-ում երեկ կազմակերպված լսումներից` Հայաստանի առաջ ծառացած միակ խնդիրներից մեկը կանանց ու տղամարդկանց իրավունքների հավասարության մասին օրենք ունենալն է:  
Վերջին քառօրյայում ԱԺ-ն քննարկեց «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի նախագիծը, երեկ էլ խորհրդարանում դրա վերաբերյալ լսումներ էին ընթանում: Ընդ որում, ի տարբերություն այլ նախագծերի շուրջ ԱԺ-ում կայացած լսումների` այստեղ ընդմիջմանը նաեւ բավական ճոխ հյուրասիրություն էր կազմակերպվել` մի քանի տեսակ տաք ուտեստով` չհաշված «բուտերբրոդների» ու հյութերի լայն տեսականին: Բացի այդ, բավական ակտիվ էին ընթանում նաեւ բուն լսումները: Հրավիրվածների զգալի մեծամասնությունը կանայք էին, որոնք էլ, փաստորեն, պահանջում էին իրենց էլ ավելի մեծ լիազորություններ տրամադրել ու քվոտավորել ինչպես ընտրովի, այնպես էլ նշանակովի պաշտոններում կանանց ներգրավվածությունը: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ դեմ է ցանկացած արհեստական բանի. «Դեմ եմ, որ անարժան մարդուն միայն սեռական պատկանելությամբ բերեն, նստեցնեն ինչ-որ պաշտոնի, բայց մյուս կողմից ստացվում է` տղամարդկանց գերիշխանությունը հանգեցրել է նրան, որ կանայք այդ հնարավորությունից օգտվել չեն կարող»:
Նկատենք, սակայն, որ թեեւ այսօր շատերը խոսում են կանանց ու տղամարդկանց իրավունքների հավասարության մասին, մյուս կողմից չեն նկատում, որ նման զրույցներով արդեն իսկ ոտնահարում են երկու սեռերի իրավահավասարությունը: Ավելին, կանանց ու տղամարդկանց իրավունքների հավասարության մասին օրենքներ ընդունելով` արդեն իսկ վիրավորում են երկու սեռերին հավասարապես: Բանն այն է, որ մարդը, քաղաքացին, անկախ իր տարիքից, սեռից, ազգությունից, ունի հավասար իրավունքներ, եւ դրանք ամրագրված են ինչպես միջազգային փաստաթղթերում, այնպես էլ երկրի ներքին օրենսդրությամբ: Այսինքն` բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունքներ, եւ երբ այդտեղ առանձնացվում են կանայք կամ տղամարդիկ, արդեն իսկ ապրիորի կերպով հարցականի տակ է առնվում նրանցից մեկի իրավունքների հավասարության հարցը:
Սակայն հասկանալի է, որ Հայաստանում պետք է նման օրենք ընդունվի, որովհետեւ դեռ 2009թ. Սերժ Սարգսյանը ստորագրել է մի որոշում, որի համաձայն` եվրաինտեգրման ճանապարհին իրականացվող քայլերից երկուսը վերաբերում են գենդերային հավասարության ապահովման խնդիրներին: Մանավանդ, որ այս նախագիծն իշխանությունների ու նրանց հարակից հ/կ-ների համար դրամաշնորհների նոր հոսքագիծ է բացում:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս