ԵԹԵ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԵՂԾՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եթե ընտրակեղծիքների մասին խոսում են նաեւ իշխանությունները, ապա հարցը ողջ խստությամբ է դրված»,-երեկ նման տեսակետ հայտնեց Երեւանի նախկին քաղաքապետ, «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանն ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանի հետ բանավեճում:
Աբրահամյանի կարծիքով, հարկավոր է գիտակցել, որ իշխանությունը պետք է ժողովուրդը ձեւավորի: «Եւ այդ է պատճառը, որ մեր երկրի համար առավել ճիշտ կլինի անցում կատարել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի: Միաժամանակ, ես չեմ բացառում, որ ընտրակեղծիքներ կարող են լինել ինչպես մեծամասնական, այնպես էլ համամասնական կարգով անցկացված ընտրությունների ժամանակ»,-ասաց նա: Աբրահամյանը նաեւ նշեց, որ Հայաստանում ամեն ինչ կենտրոնացված է մեկ անձի` Սերժ Սարգսյանի ձեռքում: «Հերիք է, որ նա ասի` տղե՛րք, պետք չէ ընտրակաշառքներ բաժանել, եւ ընտրակաշառքներ չեն բաժանվի, կամ` տղե՛րք, արդար ընտրություններ պետք է անցկացվեն, եւ այդպես էլ կլինի»,-նշեց նա` ազատ, արդար ընտրությունների մասին խոսող պատգամավորին էլ առաջարկելով ձերբազատվել «զոն նայող թաղային հեղինակություններից»:
Մանվել Բադեյանն էլ հայտարարեց, թե ազատ, արդար ընտրությունների անցկացման դեպքում ինքը պատրաստ է, եթե անգամ պարտվի, սեղմել հակառակորդի ձեռքը եւ ավելացրեց, որ ՀՀ յուրաքանչյուր ազնիվ եւ գրագետ քաղաքացի կարող է դառնալ պատգամավոր` անկախ նրանից` նա գործարար է, կուսակցական, թե անկուսակցական: Այս տեսակետի հետ Սուրեն Աբրահամյանը համաձայնեց միայն որոշ վերապահումներով` նշելով, որ մենք ապրում ենք ՀՀ-ում, որտեղ ապրող ամեն մի գիտակից քաղաքացի գիտի` իրականում նման բան հնարավոր չէ:
Ի դեպ, Սուրեն Աբրահամյանը Կոնգրեսի համամասնական ցուցակում իր ընդգրկվելու մասին ասաց, թե ինքն անձամբ որեւէ պաշտոն ստանալու հավակնություն չունի, բայց պատրաստ է իր ուժերի ներածին չափով օգնել Կոնգրեսին: Նա ասաց, որ «Հանրապետություն» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին 10-15 տեղ կպահանջի ՀԱԿ-ի ցուցակում, թեեւ դեռ վերջնական որոշում չի կայացվել:
Իսկ Բադեյանն էլ նշեց, թե դեռ չգիտի` ինքն առաջադրվելու է, թե ոչ:

ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս