ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ 7 տարվա ազատազրկման է դատապարտել ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության 4-րդ բաժնի պետի տեղակալ Արմեն Տեր-Մինասյանին (Տերմո): Վերջինս մեղադրվում էր մեծ չափերի կաշառք ստանալու մեջ, թեեւ դատարանում հայտարարեց, որ չի ընդունում մեղքը: Ըստ նախաքննական նյութերի` Տեր-Մինասյանը, աշխատելով ՀՀ ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչության 4-րդ բաժնում որպես պետի տեղակալ, նախնական համաձայնության գալով Ռոբերտ Չիլինգարյանի հետ, Ռոբերտ Լաիշյանի օգտին դրսեւորել էր ակնհայտ ապօրինի անգործություն, ինչի համար նրանից անձամբ ստացել էր առանձնապես խոշոր չափերի կաշառք: Այս գործով դատավորը հայտնի Մացոն է` Մնացական Մարտիրոսյանը:

ՆՈՐ ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏ
Հունվարի 20-ին Երեւանի  քաղաքապետ Տարոն Մարգարյանն ավագանու անդամներին տեղեկացրել է, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել քաղաքապետի տեղակալ Վահագն Առաքելյանը: Մարգարյանը որպես քաղաքապետի տեղակալ առաջադրել է աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Վահե Նիկոյանի թեկնածությունը: Ավագանու անդամները միաձայն կողմ են քվեարկել քաղաքապետի առաջարկությանը: Արտահերթ նիստում Երեւանի ավագանին հաստատել է նաեւ Երեւանը եւ Վենետիկը քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիրը: Այս մասին armlur.am-ին տեղեկացրել են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ԵՐԿԱՐԱՁԳԵՑԻՆ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  Մխիթար Պապոյանի նախագահությամբ տեղի է  ունեցել դռնփակ դատական նիստ, որի ընթացքում քննարկվել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը եւս 2 ամսով երկարաձգելու հարցը: Դատավորը որոշել է եւս 2 ամսով երկարացնել Թամամյանի խափանման միջոց կալանքը: Ի դեպ, նիստին Հովհաննես Թամամյանը ներկա չի եղել:

ԼՃԱՑՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ
Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունն արդեն երկրորդ տարին անընդմեջ Հայաստանում որեւէ փոփոխություն չի արձանագրում ժողովրդավարության ու քաղաքացիական ազատությունների ուղղությամբ. տպավորություն է` կարծես Հայաստանում քաղաքական իրավիճակը լճացման փուլում է` «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում պարզաբանել է հեղինակավոր կազմակերպության վերլուծաբան Քեթրին Մաչալեքը. «Փոփոխություններն  աննշան են երկու ուղղություններով էլ` թե՛ բացասական, թե՛ դրական: 2011-ի միակ փոքրիկ բարելավումն այն էր, որ իշխանությունը վերացրեց Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու վրա դրված արգելքը եւ երկխոսության մեջ մտավ ընդդիմության հետ` բանտերում մնացած ընդդիմադիրներին ազատ արձակելու, մարտի 1-ի տասը սպանությունները բացահայտելու շուրջ»:




Լրահոս