Ոչ միայն քաղաքական ուժերը, այլեւ շարքային սյունեցիները սկսել են քննարկել, թե ընտրությունների ժամանակ ով է հայտնվելու այս կամ այն կուսակցության համամասնական ցուցակում: Ըստ մեր աղբյուրների` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ՀՀԿ ցուցակում հայտնվելու հավակնորդներին հասկացրել է, որ դա բացառապես իր «դաբրոյով» է լինելու: Դեռ պարզ չէ, թե մարզպետը սյունեցի տղամարդկանցից ում է ուզում տեսնել համամասնական ցուցակում, բայց երկու կնոջ նա արդեն ներկայացրել է: Երեւելի կանայք են` Ագարակի բժշկական կենտրոնի տնօրեն Ծաղիկ Վարդանյանն ու Ռուս-հումանիտար համալսարանի Կապանի մասնաճյուղի ռեկտոր Վիկտորյա Դավթյանը: Նրանք շոյված են մարզպետի վերաբերմունքից եւ ամեն տեղ հայտարարում են, որ պետք է ՀՀԿ-ին ընտրեն:
ՕԵԿ-ի համամասնական ցուցակում էլ արդեն հայտնի է Կապանի կառույցի ղեկավար Գարիկ Միրզոյանի անունը: Նա տեղյակ չէ` արդյոք ցուցակի անցողիկ մասերում է, սակայն հայտարարել է, որ իր համար պատիվ է ՕԵԿ-ի ղեկավարի հետ նույն ցուցակում լինելը: Կապան, Մեղրի, Ագարակ, Քաջարան քաղաքներն ու տարածաշրջանների գյուղերն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու են ներկայիս պատգամավոր, ՀՀԿ անդամ Վահե Հակոբյանը, ՀՅԴ համամասնական ցուցակով ընտրված Գագիկ Գեւորգյանը եւ նախկին գյուղնախարար, ՕԵԿ անդամ Գերասիմ Ալավերդյանը: Հնարավոր են նաեւ այլ թեկնածություններ: Հիշեցնենք, որ Վահե Հակոբյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է, եւ այս ընտրատարածքում քիչ, թե շատ հնարավորություն ունեցողները նախ առաջադրվում են, ապա պայմանավորվում Մաքսիմ Անուշավանիչի հետ եւ ինքնաբացարկ հայտարարում: Նկատենք, որ այս անգամ նաեւ Սյունիքի մարզպետի բախտն է բերելու, քանի որ նրա եւ Մաքսիմ Հակոբյանի հարաբերությունները լարված են: Իսկ նախընտրական «ռազբորկաները» հարաբերությունները ճշտելու լավ առիթ են:
Գորիսը եւ Սիսիանը ընդգրկող թիվ 37 ընտրատարածքում ՀՀԿ-ն դեռ չի որոշել, թե ում է առաջադրելու: Սակայն անուններ շրջանառվում են` ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյան (թեեւ վերջինս դա հերքել է), պաշտպանության նախարարության նախկին աշխատակից, ծնունդով սիսիանցի Վոլոդյա Հակոբջյան եւ գորիսցի, «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյան: Հիշեցնենք, որ այս ընտրատարածքից է ընտրվել Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը: Արդեն հայտնի է, որ այս անգամ նա չի առաջադրվելու, ուստի ընտրատարածքը բաց է բոլորի համար: Սակայն այս ընտրատարածքի հետ կապված՝ կարեւոր է լինելու նաեւ Սուրիկ Խաչատրյանի խոսքը: Չի բացառվում նաեւ, որ մարզպետն ինքն առաջադրվի: Այդ դեպքում նրա մրցակիցը դառնալու է գործարար Սիլվա Համբարձումյանը: Վերջինս արդեն հայտարարել է, որ Լիսկայի դեմ պայքարելու է նույնիսկ այդ ձեւով: «Տավուշում դնի, թե Արարատում, Սյունիքում, թե այլ տեղ, ուր դնի` դնելու եմ»,-վստահեցրել է գործարար տիկինը:
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽԱՂԵՐ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ