ԱՅՐՎԱԾ ԴԻԱԿ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում տեղի ունեցած դեպքն իր դաժանությամբ ցնցել է բոլորին: Սավոյան թաղամասի նախկին Պոլիտեխնիկական ինստիտուտի կիսաքանդ շենքի նկուղում հայտնաբերվել է կնոջ այրված դիակ: Այս մասին տեղեկությունը ոստիկանության Գյումրու բաժինը ստացել է հունվարի 20-ի առավոտյան: Ոստիկանության Գյումրու բաժնից ստացված տեղեկության համաձայն` դիակի 70 տոկոսն այրված է, բացի այդ, նաեւ կենդանիների կողմից հոշոտված, ինչը թույլ չի տալիս գոնե մոտավորապես որոշել կնոջ  տարիքը:
Ոստիկանության Գյումրու բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Աշոտ Վարդանյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ դեպքի վայր է մեկնել օպերատիվ քննչական խումբը, տեղում է եղել նաեւ մարզի դատախազը: Դեպքի հանգամանքները պարզաբանվում են, նշանակվել է փորձաքրեագիտական հետազոտություն: Նախնական վարկածն այն է, որ տեղի ունեցածը սպանություն է: Շիրակի մարզի քննչական բաժնից ստացված տեղեկությունների համաձայն էլ` հարուցված քրեական գործը սպանության հատկանիշներով է: Թե երբ է այն տեղի ունեցել, ինչքան ժամանակ է կնոջ դիակը մնացել կիսաքանդ այդ շենքում, կպարզեն փորձագետները: «Այդ ամենը կպարզաբանվի հետագայում, երբ ողջ գործընթացը կավարտվի: Հիմա միայն ենթադրություններ են, ուրիշ ոչինչ»,-փոխանցեց Աշոտ Վարդանյանը:
 Նշենք, որ Սավոյանը Գյումրու ամենաաղքատ թաղամասերից մեկն է: Կոչվում է նաեւ Ֆանտաններ: Այն տնակային ավան է, որտեղ  ապրում են հիմնականում սոցիալապես անապահով քաղաքացիներ: Չի բացառվում, որ կինը կարող է լինել նույն թաղամասի բնակիչ: Փորձեցինք զրուցել նաեւ Սավոյան թաղամասի բնակիչների հետ, որոնք, սակայն, կցկտուր ու վախեցած մեկնաբանություններ էին տալիս կատարվածի առնչությամբ: «Անցած տարի էլի նման դեպք եղավ ու դարձյալ էս թաղում: Մի տղամարդու էին վառել էս թաղի ջահելները»,-հիշեց բնակիչներից մեկը: Նշենք, որ  դեպքը տեղի էր ունեցել մոտավորապես նույն տարածքում, այրել էին 60-ն անց մի տղամարդու:
«Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով՝ այդ կինը 1990 թվականին ծնված Մարի Դավթյանն է, որն աչքի է ընկել իր համբավով : Վերջինս մոտ 1 տարեկան երեխա ունի, որին թողել է ընկերուհու մոտ եւ գնացել: Մի քան օր չի վերադարձել, որից հետո նրա դիակն են գտել:
Ոստիկանության եւ լրատվության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացանք, դիակի ինքնությունը պարզվել է եւ սույն գործով հարուցվել է քրեական գործ 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` սպանություն:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս