ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Արտերկրից նոր եմ վերադարձել Հայաստան, եւ անձնագիրս ենթակա է փոխանակման: Կխնդրեի մի փոքր մանրամասնել, թե ինչպիսին է փոխանակման կարգը:

Մարինե Բարսեղյան, 32 տարեկան, գործազուրկ

ՊԱՏԱՍԽԱՆ. Անձնագիրը փոխանակելու համար քաղաքացին անձամբ ներկայանում է ոստիկանության տարածքային բաժնի անձնագրային ծառայություն եւ դիմում ծառայության աշխատակցին: Ոստիկանության տարածքային բաժնի անձնագրային ծառայությունում քաղաքացին ներկայացնում է փոխանակման ենթակա անձնագիրը, 35×45 մմ չափսի գունավոր երկու լուսանկար (եթե զինպարտ է, ներկայացնում է նաեւ զինգրքույկը) եւ անձնագրի փոխանակման համար 1.000 դրամի չափով վճարված պետական տուրքի անդորրագիր: Քաղաքացու կամ նրա ներկայությամբ անձնագրային ծառայության աշխատակցի կողմից լրացվում է թիվ 1 ձեւը, որտեղ նշվում են`
անձնագրային գործողության տեսակը,
դիմողի անունը, ազգանունը, հայրանունը,
դիմողի ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը,
ծննդյան երկիրը, քաղաքը, շրջանը, գյուղը,
դիմողի սեռը, ազգությունը,
դիմողի բնակության վայրը,
դիմողի ստորագրությունը, դիմումը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը:
Անձնագիրը քաղաքացուն է տրվում 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Քաղաքացին անձնագրային ծառայությունից անձնագիրը ստանում է անձամբ կամ իր կողմից լիազորված երրորդ անձի միջոցով:
Անձնագիր փոխանակելիս պետական տուրքից ազատվում են աղքատության ընտանեկան նպաստ ստացող ՀՀ քաղաքացիները:

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ
վիզաների վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հուսանք, որ հին անձնագիրը նորով փոխարինելու կարիք ունեցողները, օրենքի պարզ ու հասանելի պահանջներին տեղեկանալով, կշտապեն կարեւորագույն այս փաստաթուղթը նորով փոխարինել:




Լրահոս