ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՂԱՎՈՐՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսի պետաիրավական հանձնախմբի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանը երեկ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ անդրադարձավ ՀՀ հատուկ քննչական ծառայության` մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ հրապարակած զեկույցին:
«Ուսումնասիրելով փաստաթուղթը` հասկացանք, որ դրա հիմնական նպատակը մարտյան դեպքերին, իրավապահ եւ ուժային մարմինների գործողություններին նախկինում տրված իրավաբանական անգրագետ ու սխալ քրեաիրավական գնահատականների ու որակումների` ամեն գնով հաստատումն ու հիմնավորումն է: Ինչպես նաեւ սպանություններից մի քանիսի բացահայտման աջակցելուն միտված Փաստահավաք խմբի երեք զեկույցներում վկայակոչված փաստերի ու եզրակացությունների անթաքույց առարկումն ու հերքումը»,-նշեց Գագիկ Ջհանգիրյանը:
Ըստ նրա` ՀՔԾ փաստաթղթին ծանոթանալիս կարծիք է ձեւավորվում, որ Փաստահավաք խմբի զեկույցներում ամեն ինչ միտումնավոր խեղաթյուրված ու կեղծված է: «Մինչ օրս մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանության, ներքին զորքերի, հատուկ նշանակության ջոկատայինների իրականացրած հակաօրինական ու վայրենի գործողություններին տրվել են ամեն տեսակի պատճառաբանություններ եւ բացատրություններ, բայց այդպես էլ ոչ մի օրինական հիմնավորում չի ներկայացվել»,-նշեց պարոն Ջհանգիրյանը:
Վերջինս հատուկ ուշադրություն հրավիրեց մարտի 1-ին տեղի ունեցած սպանությունների առթիվ հարուցված քրեական գործին: Ըստ նրա` 2009թ. ՀՀ քրեական օրենսգրքում կատարվել են փոփոխություններ եւ լրացումներ, եւ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10.1 կետը պատասխանատվություն է սահմանում զանգվածային անկարգությունների մասնակիցների կողմից կատարած սպանությունների համար:
«Այսինքն` քրեական գործ հարուցելու որոշման մեջ արդեն գրված է, որ մարտի 1-2-ի սպանությունները կատարել են զանգվածային անկարգությունների մասնակիցները: Պարզաբանեմ, որ ոստիկանության ծառայողները, ներքին զորքերի, բանակի զինծառայողները ոչ մի դեպքում չեն կարող դիտարկվել զանգվածային անկարգության մասնակից: Ստացվում է, որ ՀՔԾ-ն, բնականաբար նաեւ ՀՀ գլխավոր դատախազությունն ի սկզբանե քննարկել եւ որոշել են, որ այդ սպանությունները կատարել են ընդդիմության ներկայացուցիչները»,-մեկնաբանեց Ջհանգիրյանը:
Արդյունքում, ըստ նրա, եզրակացությունը մեկն է` քանի դեռ ՀՀ գլխավոր դատախազությունն ու ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, անտեսելով օրենք եւ օրինականություն, ինքնամոռաց ծառայում են գործող իշխանությանը, մարտի 1-2-ի դեպքերի իրական պատասխանատուները, այդ թվում՝ սպանություններ գործած անձինք չեն հայտնաբերվելու եւ քրեական պատասխանատվության չեն ենթարկվելու:  

ԱԴՐԻՆԵ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ




Լրահոս