ԿՈՎԱԼԸ «ԲՌՆԵԼ Է ՏԱԼԻՍ» ՈՒ ԱՀԱԲԵԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում փետրվարի 12-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններից առաջ մարզպետ Կովալենկո Շահգալդյանը` Կովալը,  արդեն իր «դերի» մեջ է մտել: Եւ քանի որ Կոտայքի մարզում նա ռեալ ձայներ հավաքելու հնարավորություն չունի նույնիսկ ֆինանսական լծակներն օգտագործելու դեպքում, ուստի Կովալը բացահայտ կերպով ահաբեկչություն է սկսել Հրազդանում: 10 տարի աշխատելով Հրազդանի քաղաքապետի պաշտոնում` Արամ Դանիելյանը հասցրել է վաստակել բնակիչների բացահայտ ատելությունը միայն, ուրիշ ոչինչ:
Հիշեցնենք, որ քաղաքապետի թեկնածուները երկուսն են` Հրազդանի գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանը եւ Հրազդանի առաջին քաղաքապետ, ԱԺ նախկին  պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը:
«Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ Հրազդանի քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանն արդեն իսկ սկսել է խախտել ՀՀ ընտրական օրենսգիրքը: Նա իր նախընտրական շտաբը բացել է հենց քաղաքապետարանի շենքում, որտեղ նաեւ մարզպետարանն է, ինչը, սակայն, արգելված է օրենսդրությամբ: Այս ամենից զատ, պարզվում է` մարզպետ Կովալենկո Շահգալդյանը զբաղված է բառացիորեն ահաբեկչությամբ: Նա հանդիպում կամ զանգահարում է Հրազդանում գտնվող տարբեր հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներին` նրանց ներկայանալով որպես իշխանության թեկնածուի պաշտպան, եւ պահանջում, որպեսզի Սասուն Միքայելյանի կողմնակիցներին կամ համակիրներին աշխատանքից ազատեն:
Վերջերս, օրինակ, նման հրահանգ է տվել Հրազդանի ցեմենտի գործարանի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանին: Տիկինն էլ գործարանի աշխատակիցներին օրեր առաջ հավաքել է եւ բացահայտ հայտարարել. «Բոլորդ պետք է Արամի համար աշխատեք, Սասուն Միքայելյանն ընդդիմություն է, եւ մենք  չենք կարող նրան սատարել: Մարզպետն ասել է, որ մենք պետք է ամեն ինչ անենք»: Նաիրա Աշոտովնան անգամ վախեցրել է աշխատակիցներին` նշելով, որ եթե Սասուն Միքայելյանն ընտրվի քաղաքապետ, ապա այդ դեպքում վատ է լինելու բոլորի համար:  Երեկ մեզ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ տիկին Մարտիրոսյանից, քանի որ գործարանի աշխատակիցները փոխանցեցին, որ տնօրենը տեղում չէ, իսկ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցներն ինչ-որ ժողովի էին, տեղեկացրին, որ մեր հարցերին չեն կարող պատասխանել, խիստ զբաղված են: Իսկ թե ինչու է Միքայել Բաղդասարովին պատկանող Հրազդանի ցեմենտի գործարանը լծվել գործող քաղաքապետի քարոզչությանը, դրան անդրադառնալու առիթներ դեռ կունենանք:
Շարունակենք թվարկել մարզպետի ահաբեկչական գործողությունների շղթան: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Շահգալդյանն օրերս ժողով է հրավիրել մարզպետարանում, որտեղ ներկա են եղել Հրազդանի բոլոր դպրոցների տնօրենները, որի ժամանակ «չորով» հրահանգել է.  «Չլսեմ-չիմանամ, որ ինչ-որ մեկդ Սասունի համար աշխատել եք կամ էլ նրան ձայն եք տվել, ով որ Արամի համար ձայն չտվեց, կորցնում է իր աշխատանքը»:
Կովալը ոչ միայն բացահայտ ահաբեկում է հրազդանցիներին, այլեւ տարբեր դպրոցներից մոտ 10 ուսուցիչ է «ընտրել», որոնք գումարի դիմաց դասերի ավարտից հետո գնում են բնակարաններ եւ բացահայտ քարոզչություն կատարում գործող քաղաքապետի օգտին: Այն դեպքում, երբ քարոզարշավը դեռ չի սկսվել: Ուսուցիչներն անգամ խաբել են բնակիչներին, թե ընդամենը սոցիալական հարցումներ են անցկացնում, մինչդեռ ուսումնասիրում են բնակիչների տրամադրությունները, որպեսզի մարզպետը գտնի նրանց վրա ազդելու լծակները:  Հրազդանի ջէկ-ի տնօրեն Աշոտ Մանուկյանին եւս Կովալը զգուշացրել է, որ իր աշխատակիցներին հրահանգի` չհամարձակվեն ընտրել Սասուն Միքայելյանին կամ որեւէ կերպ օգնել նրան: Նույն հրահանգը տրվել է նաեւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Հրազդանի մասնաճյուղի տնօրենին, որը եւս պետք է ամեն ջանք գործադրի, որպեսզի իր աշխատակիցները Սասուն Միքայելյանի կողմը չանցնեն: Իսկ նրանք, ովքեր Միքայելյանի կողմնակիցներն են, պետք է աշխատանքից ազատվեն:
Այս ընթացքում մարզպետն ակտիվ համագործակցում է նաեւ ոստիկանության հետ` անհրաժեշտ տեղեկատվություններ տալով նրանց, որպեսզի «բռնեն» քաղաքացիներին: Ինչ վերաբերում է պետական ծառայողներին, ապա նրանք եւս բացահայտ քարոզչություն են անում: Նրանք, պետական միջոցները սեփական համարելով, նաեւ ընկնում են տնետուն եւ թուղթ ու գրիչը ձեռքներին` հարցնում են` ինչի՞ կարիք ունեք` գումարի՞, հողամասի՞, ավտոտնակի՞… Այնպիսի տպավորություն է, որ Արամ Դանիելյանի պապի հողերն են, 10 տարի քաղաքապետի կարգավիճակով հողերը վաճառելուց հետո հիմա բարիացել է եւ որոշել տարածքներ բաշխել մարդկանց: Բայց հասկանալի է, որ էլի խաբելու է:
Տեղեկացնենք, որ Հրազդանում այս օրերին մի հարց է հնչում. «Դուք մեզ դե՞մ եք». եթե ինչ-որ մեկը փորձում է ասել այո՛, հայտարարում են, որ ուրեմն իշխանությանն եք դեմ` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Այսինքն` 1941 թվականի բռնապետության տարիների ձեւով փորձում են ընտրություն անցկացնել:
Եւ այս ամենն արվում է Հանրապետական կուսակցության անվան տակ: Պատկերացնո՞ւմ եք, թե այդքանից հետո ՀՀ քաղաքացիներն ինչ են մտածում իշխող այդ կուսակցության մասին եւ ինչ բառերով են արտահայտվում` թեկուզ թաքուն:   

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս