«ՀԱՅԱՍՏԱՆ»-ՈՒՄ ԲՈՒՆՏ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մետրոյի «Բարեկամություն» կայարանի հարեւանությամբ գտնվող  «Հայաստան» հանրախանութի վաճառքի մասին լուրերը հերքում է թե՛ հանրախանութի գործադիր  տնօրեն  Հայկազ Հարությունյանը, թե՛ նախկինում հանրախանութի աշխատակիցների կողմից առաջարկված ամենահավանական գնորդ, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Իրականում հանրախանութը բռնագրավվելու է  երրորդ անձի` «Ամերիաբանկ»-ի կողմից:
«Ժողովուրդ»-ն իր աղբյուրներից տեղեկացավ, որ «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Հայրապետ Հայրապետյանի հայրը` Փայլակ Հայրապետյանը, հանրախանութի մի մասը («Նոկիա» խանութի վերեւի մասնաշենքը) գրավադրել է «Ամերիաբանկ»-ում` Աֆրիկայում ոսկու հանք գնելու համար: Սակայն գործարքը չի ստացվել, արդյունքում` «Ամերիաբանկ»-ի կառավարմանն է անցել «Հայաստան»-ի մի մասը:  
Մեզ հետ զրույցում հանրախանութի գործադիր տնօրեն Հայկազ Հարությունյանն ամբողջովին հերքեց լուրը. «Ես չգիտեմ, թե ով է նման բան ասել, բայց հանրախանութն ինչպես նախկինում, այնպես էլ այսօր պատկանում է «Հայրապետյան եղբայրներ» ՓԲԸ-ին, եւ ես էլ պատրաստվում եմ մոտ օրերս մամլո ասուլիս տալ ու հստակ պարզաբանել, որ տվյալ շշուկները չեն համապատասխանում իրականությանը»:
Հանրախանութի աշխատակիցները, սակայն, այլ պատասխան տվեցին: Ամեն մեկին մի քանի անգամ հարցը տալուց հետո կարողացանք ճշտել, որ իրականում երկու օր առաջ հանրախանութ են եկել «Ամերիաբանկ»-ի աշխատակիցները, բոլորին բաժանել են ծանուցագրեր, որտեղ ասվում է. «Սկսած 16.12.2011-ից` Հրաչյա Քոչարի թիվ 2 հասցեում գտնվող տարածքն ամբողջությամբ պատկանում է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին»: Սակայն նոր սեփականատերերը չեն պատրաստվում փոխել տարածքի օգտագործման նպատակը, եւ աշխատակիցներին հավաստիացրել են, որ կարող են շարունակել վարձակալել տարածքը, միայն թե պետք է մինչեւ 2012թ-ի հունվարի 24-ը գրավոր դիմում ներկայացնեն «Ամերիաբանկ»` նոր վարձակալության պայմանագիր կնքելու վերաբերյալ: Հակառակ դեպքում նրանք պարտավոր են լինելու լքել հանրախանութի տարածքը մինչեւ 2012թ-ի հունվարի 25-ը:
Աշխատակիցները մի կողմից ամեն օր լսում են տնօրենի հավաստիացումները, որ բանկն իրենց կադաստրի կողմից կեղծված փաստաթուղթ է ներկայացրել, մյուս կողմից էլ ծանուցագիր ստանում բանկից` տարածքը լքելու սպառնալիքի վերաբերյալ: Նրանցից շատերը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասացին, որ իրենց արգելել են լրագրողներին որեւէ տեղեկություն հայտնել, այդ պատճառով չցանկացան նշել իրենց անունները:  Շատերն էլ մոտ օրերս պատրաստվում են նորից գործուղման մեկնել Թուրքիա եւ չգիտեն` վերադառնալուց հետո իրենց բերած ապրանքը կկարողանան նորից վաճառել հանրախանութում, թե ոչ: Մարդիկ կան, որ իրենց տներն են բանկում գրավ դրել` ապրանք բերելու համար, ոմանք էլ  բանկերից են վարկ վերցրել: Այսօր նրանք հայտնվել են երկու քարի արանքում եւ հստակ ոչինչ չեն կարողանում ասել իրենց հետագա անելիքների մասին:
Դիմեցինք «Ամերիաբանկ»-ին` փորձելով հասկանալ խնդրի վերաբերյալ նրանց դիրքորոշումը եւ հանրախանութի աշխատակիցներից նրանց ունեցած ակնկալիքները: Սակայն բանկի PR մենեջերն իր կարեւոր խորհրդակցությունն այդպես էլ մինչ օրվա վերջ չավարտեց, ուստի բանկի պարզաբանումները կներկայացնենք մեր թերթի հաջորդ համարում:
Հ.Գ. Նշենք, որ «Հայրապետյան եղբայրներ» ՓԲԸ սեփականատեր Հայրապետ Հայրապետյանն այս օրերին Փարիզում է:

ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս