ԿՅԱՆՔԻՆ ԿԱՊՈՂ ՄԻԱԿ ԹԵԼԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանի կույրերի միավորման երգչախումբն այդպես էլ պետական կարգավիճակ չի ստացել:
ՀԿՄ պրոֆեսիոնալ երգչախումբը ստեղծվել է 1976թ-ին, որի կազմում չտեսնող եւ մասամբ տեսնող հաշմանդամ երաժիշտներ են: Երգչախմբի տնօրենն է արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացու» մեդալակիր, ՀՀ մշակույթի նախարարության վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Սիմոն Հովհաննիսյանը:
Խորհրդային ժամանակաշրջանում երգչախումբը համերգներով հանդես է եկել Լատվիայում, Լիտվայում, Մոլդովայում, Ռուսաստանում, Բելառուսում, Հայաստանի տարբեր շրջաններում: Սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո երգչախումբն այդպես էլ պետական կարգավիճակ չի ստացել: Այս տարիների ընթացքում երգչախմբի տնօրենը տարբեր հովանավորների միջոցով կարողացել է հայթայթել չնչին գումարներ` որպես երգչախմբի անդամների աշխատավարձ` ամսական ընդամենը 8 հազար դրամ: Բնականաբար, այդ չնչին աշխատավարձով չի կարելի ապահովել անգամ ամսվա համար անհրաժեշտ մինիմալ սնունդը, իսկ առաջին կարգի հաշմանդամները` չտեսնող եւ վատ տեսողությամբ մարդիկ, ուրիշ աշխատանք գտնել չեն կարող:
ՀԿՄ-ն չունի անգամ սեփական  փոխադրամիջոց` տեսողությունից զուրկ աշխատակիցներին աշխատանքի տեղափոխելու համար: Երգչախմբի տնօրենը նշում է. «Երգչախմբի եւ նվագախմբի նվիրյալ անդամները չեն լքում  ՀԿՄ-ն, սակայն ամսական 8 հազար դրամով ապրել ուղղակի անհնար է: Այն մարդկանց համար, որոնք ուրիշ բանով զբաղվելու հնարավորություն չունեն, սա կյանքին կապող միակ թելն է, նրանք ոչ մի ուրիշ աշխատանք չեն կարող գտնել: 50 հոգուց բաղկացած այս միությունը լավագույն դեպքում տարեկան ընդամենը երեք համերգ է տալիս, այն էլ բարեգործական հիմունքներով, այսինքն` անվճար»:
ՀԿՄ-ն բազմիցս դիմում-խնդրանք է ուղղել Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին, մշակույթի եւ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարներին: Սակայն պատասխանը մեկն է` փող չունենք: Ստացվում է` անկախության 20-ամյակ նշելու համար 75 մլրդ (դրամ) փող ունենք, իսկ կույրերին տարեկան ընդամենը 3 միլիոն (դրամ) աշխատավարձ տալու փող չունենք:
Առայսօր ՀԿՄ երգչախումբը ո՛չ պետական կարգավիճակ է ստացել, ո՛չ էլ ֆինանսական օժանդակություն: Իսկ առաջին կարգի հաշմանդամ երգիչ-երգչուհիները ստիպված շարունակում են  գոյատեւել ընդամենը  8 հազար դրամ ամսական աշխատավարձով:

ԱՆԻ  ՂԱՆԴԻԼՅԱՆ




Լրահոս