Անհրաժեշտ է ստեղծել գյուղացիական բանկ. Հրաչ Բերբերյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես կառավարության  նախորդ, այնպես էլ այս ծրագրում  առանձնահատուկ տեղ է  հատկացված  գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ու հեռանկարներին: Թեև նոր ծրագիրն առանձնապես չի տարբերվում նախորդից, այնուամենայնիվ, որոշ կոնկրետացումներ արվել են  այս ծրագրում, մասնավորապես, կարևորվում է կոոպերատիվներին դրամաշնորհային աջակցությունը վերամշակող արտադրությունների հիմնման ծախսերի մինչև 50 տոկոսի չափով,  ինչպես նաև հանքային պարարտանյութի, դիզելային վառելանյութի, տարբեր մշակաբույսերի բարձր վերարտադրության սերմերի մատչելիության մակարդակի բարձրացման ծրագրերը` գների մասնակի սուբսիդավորման և ապրանքային վարկերի միջոցով:

Ագրարագյուղացիական միավորման նախագահ,  գյուղատնտես Հրաչ Բերբերյանը armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ նորանշանակ վարչապետը փորձում է փոփոխություն  մտցնել  գյուղմթերք արտադրողների   գործունեության մեջ:

Ինչ վերաբերում է կոոպերատիվներին  ֆինանսապես աջակցելուն,  Բերբերյանը կարծում է, որ կոոպերատիվները պետք է ստեղծվեն ներքևից`  գյուղացիների պահանջով, ոչ թե վերևից` պարտադրանքով:

«Ստալինի ժամանակներից տեսանք, թե վերևից պարտադրված կոլխոզներն ինչ ճակատագիր ունեցան: Կառավարությունը պետք  է պայմաններ ստեղծի ու կոոպերատիվների գործունեության համար օրենսդրական դաշտը բարելավվի, հատուկ ծրագրեր մշակի, որ մարդիկ գաղափարի շուրջ համախմբվեն, ոչ թե կնիքի շուրջ: Մեր միավորումն այդ ուղղությամբ  ծրագրեր էլ ունի: Եթե պահանջեն` կներկայացնենք»,- մանրամասնեց  գյուղատնտեսը:

Մյուս կարևոր խնդիրը, որն առաջնահերթ է  գյուղատնտեսության ոլորտում և ընդգրկված է կառավարության այս ծրագրում, ջերմոցային տնտեսությունների հարցն է, մասնավորապես, նախատեսվում է  2014-2017 թթ-ին ավելացնել ժամանակակից ջերմոցային տնտեսությունների տարածքները: Գյուղատնտեսը կարծում է, որ ջերմոցային տարածքներ ավելացնելուց պետք է  առաջնահերթ նոր տեխնոլոգիաներ ներդնել, քանի որ մեր բոլոր ջերմոցները, այսպես աած հնաոճ ու տնավարի  են կառուցված, որից հետո մտածել  տնտեսությունների ավելացման մասին:

Բերբերյանը կարծում է`անհրաժեշտ է ստեղծել գյուղացիական բանկ, որը պետք է  կառավարեն ֆերմերները և որոնց շնորհիվ գյուղացիներն այդքան մեծ տոկոսադրույքներով վարկերի տակ չենն ընկնի:

Սոնա Դավթյան




Լրահոս