Հետաքրքիր պատկեր. որոնք են Կառավարության ծրագրի կարևոր կետերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ, ի վերջո, հրապարակվեց Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրի նախագիծը, սակայն, գործադիրի որոշմամբ, մինչեւ փետրվարի 8-ն այդ ծրագրի վրա խմբագրական աշխատանքներ են կատարվելու: Այսինքն` չնայած նախագիծը պատրաստ է, սակայն գործադիրի անդամները փորձում են օգտագործել օրենքով սահմանված ժամկետները մինչեւ վերջ շտկելու համար այն: Ինչպես երեկ կառավարության նիստում նշեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, սա, ըստ էության, հիմնված է «Իմ քայլը» դաշինքի ծրագրի վրա:

«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով ծրագիրը, հետաքրքիր պատկերի է ականատես եղել: Ըստ էության, այն ոչ միայն «Իմ քայլը» դաշինքի ծրագիրն է, այլ հենց Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից թավշյա հեղափոխությունից հետո ԱԺ ներկայացված ու հաստատված փաստաթուղթն է կրկնում, պարզապես, այս նոր ծրագիրը հին տարբերակից տարբերվում է միայն մի քանի դրույթներով:

Նախ ընդգծենք, որ նախորդ տարվա ծրագրի առանցքային գլուխը համարվում էին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը եւ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը: Եվ չնայած արտահերթ ընտրությունները եղան, սակայն Ընտրական օրենսգիրք այդպես էլ չփոխվեց. նախորդ խորհրդարանը, որտեղ ՀՀԿ-ն կոճակային մեծամասնություն էր, տապալեց նախագծի ընդունումը:
Այս կառավարության ծրագրի առաջին գլուխը համարվում է արտաքին եւ ներքին անվտանգության ապահովումը: Իհարկե, սա եղել է նաեւ նախկին ծրագրում:

Նախ` «Կառավարության գործունեության հիմնարար ուղենիշները» գլխում 2017 թվականի ծրագրում ամրագրված էր. «ՀՀ կառավարության գործունեության առանցքային նպատակը 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումն է՝ որպես հանրային եւ ազգային հարաբերությունների հիմք, եւ հեղափոխության գաղափարների իրագործումը` որպես մշտական քաղաքական իրողություն»:

Իսկ, ահա, նոր ծրագրում ամրագրված է. «Առաջիկա հինգ տարիներին ՀՀ կառավարության գործունեությունը միտված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաեւ բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ եւ ներառական տնտեսություն կառուցելուն»: Այսպիով, գոնե կառավարության նպատակի առումով փոփոխություն տեսնում ենք, եւ հիմա, կարծես թե, հիմք է դրվում տնտեսություն կառուցելուն:

Նկատենք նաեւ, որ կառավարության այս ծրագրի բովանդակությունից կարելի է ընդհանուր պատկերացում կազմել կառավարության ապագա կառուցվածքի մասին: Օրինակ` գլուխներից մեկը վերաբերում է տարածքային կառավարմանը, տեղական ինքնակառավարմանն ու ենթակառուցվածքներին: Կարելի է ենթադրել, որ այս ոլորտները պետք է մեկտեղվեն մեկ գերատեսչության կազմում, որն, ըստ էության, ղեկավարելու է տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը: Նա համակարգելու է տարածքային կառավարումը, տեղական ինքնակառավարումը, էներգետիկ բնագավառը, հանքարդյունաբերության ոլորտը, ջրային տնտեսությունը, տրանսպորտը:

Մյուս առանձնահատկությունն էլ բարձր տեխնոլոգիաներն ու ռազմավարությունն է: Այստեղ ներառվելու են բարձր տեխնոլոգիաները, կապը եւ թվայնացումը: Այսպիսի նախարարություն ունենալու մասին հայտնի դարձավ արտահերթ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո:

Կառավարության ծրագրում առանձին գլխով անդրադարձ է արվում կոռուպցիայի դեմ պայքարին եւ ազատ, արժանապատիվ, երջանիկ քաղաքացի ունենալու հրամայականին: Այս գլուխներն առկա էին նաեւ կառավարության նախորդ ծրագրում: Սակայն, օրինակ, կոռուպցիայի դեմ պայքարը նախորդ ծրագրում անվանված էր պայքար կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ:

Եվ հետաքրքիր է, որ այս ծրագրում առանձին ենթագլուխ նվիրված է Սփյուռքի հետ կապերին: Օրինակ՝ կոռուցպիայի դեմ պայքարի գլխում նշված է. «Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի տեսանկյունից կարեւորվում է մասնագիտացված, անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը, որը կիրականացնի ուսումնասիրություններ, օժտված կլինի կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման համար անհրաժեշտ գործիքակազմով: Հայաստանից ապօրինի դուրս բերված ակտիվները վերադարձնելու նպատակով Կառավարությունը մտադիր է վերանայել ակտիվների վերադարձի ինստիտուտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը եւ այս առումով ամրապնդել միջազգային համագործակցությունը»:

Մեկ ամբողջական ենթագլուխ նվիրված է հանրային կառավարմանը եւ այն պատկերին, որն ակնկալում է ստանալ կառավարությունը: «Կառավարությունը շարունակաբար վեր է հանելու պետական բոլոր գերատեսչությունների կրկնվող գործառույթները, եւ վերջիններիս օպտիմալացման արդյունքում բարձրացվելու են պետական գերատեսչությունների ծախսարդյունավետությունը եւ աշխատանքի արդյունավետությունը», – ասվում է ծրագրում, ապա շարունակվում.

«Պետության կողմից նոր ԾԻԳ-երի, ՊՈԱԿ-ների, Հիմնադրամների, ՓԲԸ-ների եւ (կամ) այլ կառույցների ստեղծումից պետք է ձեռնպահ մնալ, իսկ գործող կառույցների գործունեությունը դադարեցնել (լուծարել, միավորել կամ այլ կերպ դադարեցնել պետության մասնակցությունը), եթե նշված մոտեցումների ներքո չի հիմնավորվում դրանց ստեղծման կամ գոյության անհրաժեշտությունը»:

«Ազատ, արժանապատիվ եւ երջանիկ քաղաքացի» գլխում հանդիպում ենք այսպիսի նախադասության. «Կառավարությունը, վայելելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ակնհայտ մեծամասնության վստահությունը եւ հանդես գալով նրանց անունից, հաստատում է իր կամքն օրենքի առջեւ բոլոր մարդկանց հավասարությունն ապահովելու գործում»:

Ինչ վերաբերում է տնտեսության բնագավառի տեսլականին, ապա կառավարությունը խոստացել է կոնկրետ ցուցանիշներ. «Կառավարության առաջիկա տնտեսական քաղաքականության հիմնական առանձնահատկությունը լինելու է ներառական տնտեսական աճի խթանումը։ Տնտեսությունը պետք է աճի բարձր տեմպերով, ծրագրային ժամանակահատվածում ՀՆԱ-ի աճի միջին տեմպը պետք է կազմի առնվազն 5»։

Ընդ որում, ծրագրում մեծ տեղ է հատկացված արտահանմանը. «Ապրանքների եւ ծառայությունների արտահանման զգալի աճը պետք է դառնա Հայաստանի տնտեսական առաջընթացի հիմնական շարժիչը։ Ծրագրային ժամանակահատվածի ավարտին ապրանքների եւ ծառայությունների արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է հասնի 43-45 տոկոսի»: Այսինքն՝ ի տարբերություն նախորդ կառավարությունների` Փաշինյանն իր առաջ խնդիր է դրել ապահովել նախանշված ցուցանիշները:

Եվ կառավարության ծրագիրն ավարտվում է հետեւյալ կերպ. «Կառավարության սույն ծրագրի գաղափարական հիմքը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է, որը 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստացել է ընտրողների բացարձակ մեծամասնության վստահության քվեն: Կառավարությունը վճռական է «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության, խորհրդարանական այլ ուժերի, քաղաքացիական հասարակության, հանրության հետ համագործակցության եւ երկխոսության միջոցով Հայաստանի Հանրապետությունում իրականացնել տնտեսական հեղափոխություն»:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս