Արմավիրի 30-ամյա բնակիչ Ռազմիկ Խաչատրյանը նույն քաղաքի «Ցեզար» գիշերային ակումբում հարբած վիճակում խուլիգանություն է իրականացրել:
Armlur.am-ին հայտնի է դարձել, որ Խաչատրյանը, զենքի գործադրմամբ, քաշքշել է պարահարթակում պարող պարուհիների ձեռքերից ու հագուստներից:
Այս ամենին զուգահեռ` Խաչատրյանը չի ենթարկվել անվտանգության աշխատակիցների ու տնօրենի օրինական պահանջներին, անհիմն վիճաբանության մեջ է մտել վերջիններիս հետ, որի ընթացքում ակումբի աշխատակիցների հասցեին սեռական բնույթի հայոյանքներ է տվել:
Խաչատրյանն այս կերպ խախտել է նաև ակումբի բնականոն աշխատանքն ու հաճախորդների ժամանցը:
Արմավիրցի Ռազմիկ Խաչատրյանը ակումբի տնօրեն Արման Գևորգյանի անվտանգության աշխատակիցներ Արա Դավթյանին ու Մհեր Սարիբեկյանի նկատմամբ բռնություն է գործադրել, մասնավորապես կծել է Արման Գևորգյանի վիզը` պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, գլխով հարվածել է անվտանգության աշխատակից Արա Դավթյանի ծնոտին` պատճառելով ֆիզիկական ցավ:
Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, որն այս պահին գտնվում է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում` Արթուր Ադամյանի վարույթում:
Մեղադրական եզրակացությունից տեղեկանում ենք, որ Ռազմիկ Խաչատրյանի գործողությունները զուգորդվել են նաև ակումբի գույքը ոչնչացնելով և վնասելով:
Ռ. Խաչատրյանը կոտրել է սրահում դրված մոխրամանն ու ձեռքի հարվածով վնասել միջանցքի պատի երեսպատվածքը, որպես զենք օգտագործվող առարկաներով փորձել է հարվածել` ապակյա մոխրամանով Արման Գևորգյանին, մետաղյա մոխրամանով` Մհեր Սարիբեկյանին:
Բացի այդ Ռազմիկ Խաչատրյանը թիվ 48110313 քր.գործի նախաքննության ընթացքում գիտակցելով, որ իր տրամադրված տեղեկություններն ակնհայտ կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը, կատարել է սուտ մատնություն:
Որպես մեղադրյալ տված ցուցմունքներով` հաղորդել է հանցագործությանն ակնհայտորեն առնչություն չունեցող, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Գոռ Գևորգյանի կողմից 2013թ. մայիսի 22-ին ժամը 03-ի սահմաններում «Ցեզար» գիշերային ակումբում տեղի ունեցած դեպքին մասնակցելու, իրեն ծեծի ենթարկելու, այսինքն` հանցագործություն կատարելու մասին:
Այսինքն` Ռազմիկ Հրաչի Խաչատրյանը կատարել է ՀՀ ՔՕ 258 հոդվածի 4-րդ մասով, այն է` արարքը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով:
Ինչպես նաև մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 333 հոդվածի 1-ին մասով, այն է` հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ մեկից երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Տաթև Հարությունյան