Ինչպե՞ս կարող են երկու եղբայր իրար կրակել. Գագիկ Ծառուկյանի հարազատները՝ կրակոցների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի տարբեր հատվածներում տարբեր առիթներով հնչող կրակոցները, կարծես թե, սովորական են դարձել: Դրանցից առավել մեծ աղմուկ են հանել մայիսի 17-ին «Վերնիսաժ»  տոնավաճատում և Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի բենզալցակայանում հնչածները:

Եթե առաջինի դեպքում շարքային քաղաքացիներ տուժեցին ռեկաշետի հետևանքով այս ու այն կողմ թռած փամփուշտներից, ապա վերջին` ավելի թարմ դեպքից, բարեբախտաբար, կողմնակի ոչ ոք չի տուժել:

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Բալահովիտի բենզալցակայանում կրակոցներ արձակելու կասկածանքով ձերբակալվել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ազգականները` Էդվին Թադևոսյանն ու Վարդան Հարությունյանը ձերբակալվել են:

Վերջինս, ոստիկանության հաղորդագրության համաձայն, փախուստի էր դիմել, սակայն երեկ հայտնաբերվել և ձերբակալվել է:

Տեղեկացնենք, որ Վարդան Հարությունյանն ամուսնացած է և ունի երկու երեխա: Իսկ Էդվին Թադևոսյանը operativ.am կայքի սեփականատերն է, որը նախկինում աշխատում էր ՀՀ վերահսկիչ պալատում:

Armlur.am-ի թղթակիցն այցելեց գործով կասկածյալ Վ. Հարությունյանի հարազատների բնակարան, որտեղ մեզ դիմավորած երիտասարդը հերքեց, որ դա նրանց բնակարանն է, ապա անսպասելի խոստովանեց, որ ինքը Վարդան Հարությունյանի եղբայրն է` Մարտին Հարությունյանը:

Մեզ հետ զրույցում վերջինս համոզմունք հայտնեց, որ Վարդանին կասկածում են միայն այն պատճառով, որ նա բենզալցակայանի սեփականատերերից է: Կասկածյալի եղբայրն ամեն ինչ արեց մեզ համոզելու համար, որ Վարդան Հարությունյանը դեպքի վայրում չի եղել` նշելով, որ նա այդ ժամանակ խնջույքի է մասնակցել:

«Մեզ համար թյուրիմացություն ա: Ոչ մի լուրջ բան չկա: Վարդանն էն մարդը չի, որ տենց բան աներ: Ինչ-որ ուրիշ մարդիկ են եղել: Ուղղակի որ բենզալցակայանն իրանն ա, դրա համար էլ չափազանցրել են»,- ասաց Մ. Հարությունյանը:

Իսկ Գագիկ Ծառուկյանի մորաքրոջ աղջիկը` Վարդանի մայրը` տիկին Ռիտան, անգամ զարմանք հայտնեց, թե ինչպես կարող են երկու եղբայրներ կրակել իրար` նկատի ունենալով Էդվին Թադևոսյանին և իր որդուն:

Մեր դիտարկմանը, թե այդ դեպում ինչու է Վարդան Հարությունյանը փախուստի մեջ եղել. եթե անմեղ էր, հարազատները նույն եռանդով փորձեցին հավատացնել, որ կասկածյալ Վ. Հարությունյանը ոչ թե փախել, այլ գործերով տեղ էր գնացել:

Այսպիսով, այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու էին Գագիկ Ծառուկյանի մորաքրոջ թոռները կրակել միմյանց վրա: Հարազատները հերքում են, սակայն ՀՀ ոստիկանությունը պնդում է հակառակը, ավելին դեպքի վայրում հայտնաբերվել են կրակոցների հետևանքները:

Տաթև Հարությունյան




Լրահոս