Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանն աշխատանքի շատ առաջարկներ է ստացել եւ առաջիկա շաբաթվա ընթացքում պարզ կլինի, թե որտեղ է աշխատելու: Մինչ այդ նախկին նախարարը շարունակում է դասավանդել Հայ- ռուսական սլավոնական համալսարանում: Այս մասին ՀՀԿ 15-րդ համագումարից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Արդարադատության նախկին նախարարը։
«Հիմա գնում եմ դասի, մագիստրատուրայի առաջին կուրսի մոտ: Առաջիկայում պատրաստվում եմ զբաղվել նորից դոկտորական աշխատանքներով, իսկ մի քանի օրից պարզ կլինի, թե որտեղ եմ աշխատելու: Նոր աշխատանք եմ ունենալու, չեմ կարող ասել՝ դա պաշտոն կլինի, թե ինչ»,- նշեց Հրայր Թովմասյանը, հավելելով, որ նույնիսկ բիզնես առաջարկ էր ստացել, որն իր համար անսպասելի էր:
Այն դիտարկմանը, թե Թովմասյանն էլ խնդրել է իրեն չվերանշանակել, արդյոք դա նշանակում է, որ նա չէր ցանկանում աշխատել Հովիկ Աբրահամյանի հետ, նա ընդգծեց.
«Տիգրան Սարգսյանի մնալու դեպքում ես նման բան չէի անի, իսկ նոր վարչապետի դեպքում ես ասել եմ, որ նա պետք է հնարավորություն ունենա ընտրել իր կադրերը: Հարցն այն չէ, որ ես իմ աշխատանքում թերացել եմ, կամ իմ նախարարությունում խնդիրներ են եղել: Չկա նման բան: Նոր վարչապետը պետք է հնարավորություն ունենա ընտրելու մարդկանց, ում հետ պատրաստվում է աշխատել: Ես Հովիկ Աբրահամյանի հետ էլ եմ խոսել դրա մասին», – նշեց նա, հավելելով, որ խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն: