Հայաստանում անցկացվող յուրաքանչյուր նոր քաղաքական ընտրություն ավելի ցայտուն կերպով է ի ցույց դնում մեր քաղաքական դաշտի պերճանքն ու թշվառությունը: Ընդ որում, եթե որոշ քաղաքական կուսակցությունների մոտ առկա է պերճանք, ապա դա էլ բավականին թշվառ բնույթ ունի: Գաղտնիք չէ, որ Հայաստանում պաշտոնապես գրանցված շուրջ 80 քաղաքական կուսակցությունների 90 տոկոսը չեղածի հաշիվ է: Եթե դուրս գանք փողոց ու շարքային քաղաքացիներին խնդրենք թվարկել իրենց իմացած բոլոր կուսակցությունների անունները, վստահաբար, դրանց միջին թիվը 5-6-ից չի անցնի: Ինչպես ներկայումս բիզնեսի մոդայիկ ձեւ է դարձել լրատվական կայքեր բացելը, 10-15 տարի առաջ էլ ոչ միայն մոդայիկ, այլեւ բավականին շահութաբեր բիզնես էր քաղաքական կուսակցություն ստեղծելը: Արդյունքում ձեւավորվեցին բազմաթիվ բիզնես-պրոյեկտ կուսակցություններ, որոնք, մասնակցելով մեկ կամ երկու ընտրությունների եւ ապահովելով նախատեսված շահույթը, անցան պատմության գիրկը: Այսօր արդեն քչերը կհիշեն, օրինակ, «Ազատամարտի վետերանների միություն» կուսակցությունը, որի երբեմնի ղեկավար Արմեն Մազմանյանն այսօր զբաղեցնում է Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի ռեկտորի աթոռը: Առաջնորդների պաշտոնազրկությունից հետո մոռացության գիրկն անցավ նաեւ «Հզոր հայրենիք» կուսակցությունը, որի մասին, կարծես, չի հիշում անգամ դրա փոխնախագահ, ՀՀԿ ցուցակով ԱԺ անցած Շիրակ Թորոսյանը: Քաղաքական լուսանցքում է նաեւ միջին խավ ձեւավորելու կարգախոսով նախագահական նստավայր, ապա ՎՊ գործուղված Սեյրան Ավագյանի ՀԺԱՄ-ը, ՍԻՄ-ից մնացել է միայն Սերժ Սարգսյանին տարիներ շարունակ խաղամոլ ու թմրամոլ կոչող Հայկ Բաբուխանյանը, ով պատրաստվում է ՀՀԿ ցուցակով հայտնվել ԱԺ-ում: Քաղաքական աղբանոցում հայտնված կուսակցությունների թիվը մեծ է, եւ այդ ցուցակը կարելի է դեռ երկար շարունակել, սակայն արժե հատուկ հիշել երբեմնի իրապես քաղաքական դեմքերին` ի դեմս ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի եւ նրա արբանյակներ` մի-մի սեփական կուսակցություն` համապատասխանաբար ԱԺԿ եւ ԱԺԴ ստեղծած Շավարշ Քոչարյանի եւ Արշակ Սադոյանի: Այս եռյակը եւս պաշտոններ ստանալուց հետո դադարեց զբաղվել քաղաքական-կուսակցական գործունեությամբ, արդյունքում կանգնած է գալիք ընտրություններից հետո կոտրված տաշտակի առջեւ կանգնելու հեռանկարի դիմաց: Փոխարենը բավական ճիշտ կողմնորոշվեց ՀՔԴՄ միակ հայտնի դեմքը` Խոսրով Հարությունյանը` իր համար տեղ ապահովելով ՀՀԿ համամասնական ցուցակում: Ժամանակին ազգս փրկելու ծանրագույն գործին լծված «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը եւս կարծես թե դեմ չէ միաբանվելու հանրապետականներին` ԱԺ-ում հայտնվելու պայմանով: Թե ՀՀԿ ցուցակում էլ ինչ «կինդեր սյուրպրիզներ» կլինեն, պարզ կլինի առաջիկայում: Սակայն այսօր արդեն կարելի է ասել, որ այս «աջաբ սանդալից» ամենաշատը տուժելու է ՀՀԿ-ն` որպես իրեն գաղափարական համարող կուսակցություն:
ԹՇՎԱՌ ՊԵՐՃԱՆՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ