ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Վճարովի ավտոճանապարհներ ունենալու մասին հաճախ է խոսվում, պարզ է նաեւ, որ դրանք համեմատաբար որակյալ կլինեն: Հայտնի է, որ տրանսպորտի եւ կապի նախարարությունը որոշ մասնավոր ընկերությունների հետ միասին ուսումնասիրություններ է կատարել այդ ուղղությամբ: Հետաքրքիր է` որոնք են այդ ընկերությունները, ինչքան է արժենալու վճարովի ավտոճանապարհը, ինչ չափանիշներով է հաշվարկվելու գումարը, ու Հայաստանի նման աղքատ երկրում ովքեր են օգտվելու վճարովի ճանապարհներից:

Գեղամ Բալայան, 55 տարեկան, գրականագետ

ՊԱՏԱՍԽԱՆ. Առայժմ օրենսդրություն, որեւէ նախագիծ, քննարկում վճարովի ճանապարհների մասին գոյություն չունի: Եւ եթե հետագայում էլ այդպիսի նախագիծ կամ գաղափար լինի, ապա վճարովի ճանապարհ կլինի միայն այն ժամանակ, երբ դրան զուգահեռ կլինի այլընտրանքային գործող նորմալ ճանապարհ: Այսինքն` երկու ճանապարհ լինելու դեպքում վարորդները պիտի որոշեն, թե որ ճանապարհով երթեւեկեն` վճարովի՞, թե՞ անվճար: Սովորաբար կարգն է այդպես, աշխարհի բոլոր երկրներում, եթե լինում են վճարովի ավտոճանապարհներ, ուրեմն դրանց զուգահեռ գործում է այլընտրանքային նորմալ շահագործվող ճանապարհ:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության մամլո
խոսնակ Սուսան Տոնոյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամեն դեպքում, պարզ է, որ անվճար  ճանապարհը  բարեկարգ լինել չի կարող: Եթե ակնկալվող շահույթների հույսով հիմա էլ խոշոր ներդրումներ ուղղվեն վճարովի ավտոճանապարհներ կառուցելուն, ապա կարելի է վստահ լինել, որ այսպես կոչված անվճար ճանապարհները մինչեւ վերջ քայքայվելու են` ինչ-որ ժամանակ հետո դառնալով գրեթե անանցանելի:




Լրահոս