ԼՂՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի Քույրական գործի կազմակերպիչների ասոցիացիան (նախագահ Ալինա Քուշկյան) Արցախի Բուժքույրերի միավորման եւ Երեւանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի հետ համատեղ մայիսի 12-13-ը Ստեփանակերտում անցկացվելու է բուժքույրերի միջազգային օրվան նվիրված Քույրական գործի արդի խնդիրները թեմայով համագումար: Համագումարին մասնակցելու է 450 մասնակից ԼՂՀ-ից եւ Հայաստանից:
Երկու օր շարունակ մայրաքաղաքից ժամանած մասնագետներն իրենց գիտելիքներն ու փորձը կփոխանցեն համաժողովի մասնակիցներին: Բժշկագիտության վերջին նվաճումները, այսօր աշխարհում ընդունելի չափորոշիչները, ուղեցույցները կներկայացվեն ինչպես տեսական, այնպես էլ գործնական ձեւաչափով: Երեւանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի նախաձեռնությամբ դասընթացներ կկազմակերպվեն նաեւ Ստեփանակերտի պետական բժշկական քոլեջի դասախոսների համար: Կներկայացվեն արդի բժշկական կրթական ծրագրերը, դրանց իրականացման տեխնոլոգիաներն, ինչպես նաեւ նոր չափորոշիչների ներդրումը միջին մասնագիտական կրթական համակարգում: Երեւանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջը Ստեփանակերտի պետական բժշկական քոլեջին կնվիրաբերի դասագրքեր, ուսումնամեթոդական ուղեցույցներ, «Բուժքույրական լրատու Էրեբունի» գիտագործնական հանդեսի նմուշներ: Համագումարի շրջանակում հետդիպլոմային կրթական դասընթացները կշարունակվեն եւս մեկ շաբաթ: Այս համագործակցությունը լուրջ աղդեցություն կունենա Արցախի կրթական ծրագրերի զարգացման վրա: Նշենք, որ բուժքույրերի միջազգային օրն աշխարհում նշվում է 1965թ.՝ ի պատիվ անգլուհի Ֆլորենս Նայթինգեյլի: Հենց նրա գլխավորությամբ գթության քույրերն առաջին անգամ իրենց մասնագիտական հմտությունները ցուցաբերեցին Ղրիմյան պատերազմի ժամանակ: Այդ տարիներին էր, որ գթության քույրերի դերն առողջապահության ոլորտում կարեւորվեց եւ այդուհետ բժիշկ ու գթության քույր հասկացություններն անբաժանելի էին: 141 երկրի բուժքույրեր միավորվելով մեկ մասնագիտական հասարակական կազմակերպության շուրջ՝ ձեւավորեցին Բուժքույրերի միջազգային խորհուրդը, որն աշխարհում կանանց առաջին մասնագիտական կազմակերպությունն է: Հայաստանում մասնագիտական այս տոնը նշվում է 2004թ.: Իսկ բուժքույրական գործի կազմակերպման թեմաներով առաջին անգամ թեկնածուական եւ դոկտորական թեզեր պաշտպանեց ՀՀ առողջապահության նախարարության Բուժքույրական գործի մասնագետ, «Բուժքույրական գործի կազմակերպիչներ» հասարակական կազմակերպության նախագահ, «Էրեբունի» հայ-ամերիկյան բժշկական քոլեջի հիմնադիր եւ տնօրեն Ալինա Քուշկյանը՝ դրանով բեկում մտցնելով բուժքույրական գործի գնահատման ոլորտում:
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ