ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՌՈՒՄԻՆԻԱՅԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն արդեն գրել էր, որ Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը «Հուլիոս Կեսար» ներկայացումով (բեմադրությունը` ՀՀ Ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Արմեն Խանդիկյանի) ապրիլի 23-ից մայիսի 2-ը մասնակցելու է Ռումինիայի Կրայովո քաղաքի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնին: Եվ ահա թատրոնը հաջողությամբ մասնակցել ու արդեն վերադարձել է հայրենիք։

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց դերասան, թատերական խմբի վարիչ Հովհաննես Թեքգյոզյանը, փառատոնն ամենահեղինակավորներից մեկն է Եվրոպայում եւ ունի 20 տարվա պատմություն. «Այն տեղի է ունենում երկու տարին մեկ` ընդգրկելով աշխարհի լավագույն շեքսպիրյան ներկայացումները: Միայն անունների թվարկումն արդեն շատ բան կարող է ասել։ Այս տարի փառատոնի ծրագրում տեղ էին գտել այնպիսի հանրահայտ բեմադրիչների աշխատանքներ, ինչպիսիք են Սիլվիո Պուրկարետեն, Էդվարդ Հոլը, Դեկլան Դոնելլանը, Յուրի Բուտուսովը, Օսկարաս Կորշունովասը, Յանուշ Վիշնեւսկին… Փառատոնի ծրագրում ընդգրկված էին ներկայացումներ Ռումինիայից, Հունգարիայից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Էստոնիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունից…»։
Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ «Հուլիոս Կեսար» ներկայացումը մասնակցել էր Երեւանում տեղի ունեցող Շեքսպիրյան փառատոնին եւ Կրայովոյի Շեքսպիրյան փառատոնի ծրագրում ընդգրկվել փառատոնի նախագահ Էմիլ Բորոգինայի աջակցությամբ: «Ներկայացումը ցուցադրվեց Կրայովոյի Ազգային` Մարին Սորեսկո եւ Թարգու-ջյուի Էլվիրա Գոդեանու թատրոններում: Ի դեպ, Գոդեանու թատրոնի տնօրենն ասաց, որ շատ է ցանկանում մեզ հետ համագործակցել, բայց դեռեւս կոնկրետ պայմանավորվածություն չկա։ Չմոռանանք, որ փառատոնն ընդամենը մի քանի օր առաջ է ավարտվել»:
Հ. Թեքգյոզյանի խոսքով` ներկայացումը լուսաբանվել է ինչպես ռումինական, այնպես էլ եվրոպական բազմաթիվ երկրների հեռուստատեսություններով եւ մամուլով: Ներկայացումը դիտելու է գնացել նաեւ Ռումինիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Համլետ Գասպարյանը:
Ընդհանրապես, ըստ մեր զրուցակցի, տասներկու երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, անցկացվող Շեքսպիրյան փառատոնին բարձրակարգ թատերախմբեր են մասնակցում։ «Եվ ուրախալի է, որ մեր ներկայացումը մեծ հետաքրքրություն առաջացրեց նաեւ հանդիսատեսի մոտ, շատ լավ ընդունվեց։ Ընդ որում, Կրայովոն թատերական քաղաք է, 250 հազար բնակչություն ունի, իսկ նրանց ազգային թատրոնն իր տեխնիկական հագեցվածությամբ, ամեն ինչով լավագույններից մեկն է Եվրոպայում»։

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս