«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ ՀՀԿ-ն, ի դեմս Տիգրան Սարգսյանի, կորցրեց ինտելեկտուալ կադր:
Հիշեցնենք, որ մայիսի 24-ին՝ ՀՀԿ կուսակցության համագումարի ժամանակ, պարզ դարձավ, որ Տիգրան Սարգսյանն այլևս ՀՀԿ ԳՄ անդամ չէ:
Չնայած Տիգրան Սարգսյանի բոլոր սխալներին՝ այնուամենայնիվ, Արմեն Մարտիրոսյանը գտնում է. «Նա հավակնոտ մտավ քաղաքական դաշտ, բայց հետո հասկացավ, որ նրան դրա համար չեն կանչել. նա Հայաստան պետք է գումար բերի, որ իշխանությունները սնվեն, մենք էլ նրանց պարտքերը փակենք»,- ասաց Մարտիրոսյանը` հավելելով, որ կարճ ժամանակ հետո Տիգրան Սարգսյանը հարմարվեց խաղի կանոներին: Ըստ քաղաքական գործչի` Տիգրան Սարգսյանին ինչքան էլ քննադատենք, նա օլիգարխ չէ:
Արմեն Մարտիրոսյանից նաև հետաքրքրվեցինք` Տիգրան Սարգսյանը, ով դիվանագիտական աշխատանքով է զբաղվելու, ինչպես կարող է բարձրացնել մեր երկրի վարկանիշը, եթե ներգրավված է օֆշորային սկանդալում:
«Վա՜յ, մեր երկրի շատ բարձրաստիճան պաշտոնյաներ ներգրավված են տարբեր սկանդալներում, մի հատ ավել-պակասը չի խանգարում»,- եզրափակեց Մարտիրոսյանը:
Սոնա Դավթյան