Երեւանի ամենահին թաղամասերից մեկը՝ Կոնդը, մարդկանց զարմացնում է ոչ միայն իր հնությամբ, այլեւ այնտեղ տիրող անմարդկային, բնակության համար վտանգավոր պայմաններով:
Այստեղ ապրելն անհնար է. նեղ արահետներ, վթարային բնակարաններ, ավելի ճիշտ` կիսախարխուլ տներ, որոնք մի փոքր ուժեղ քամուց անգամ կարող են քանդվել: Տարիներ շարունակ այստեղի խնդիրները մնում են չլուծված:
Թաղամասի փողոցների մեծ մասն այնքան նեղ է, որ ոչ մի մեքենա չի կարողանում երթեւեկել: «Աղբը թափելը մի փորձություն է. մի քանի փողոց պետք է անցնենք, որովհետեւ աղբատար մեքենաները չեն կարողանում մտնել այս նեղ փողոցները»,-նշում են Կոնդի բնակիչները: Սրանով է բացատրվում նաեւ այն հանգամանքը, որ Կոնդ թաղամասի շատ փողոցներ նմանվում են աղբանոցի:
Սակայն սա չարյաց փոքրագույնն է: Երբ լսում ես, թե ինչպես հրշեջները չեն կարողանում մոտենալ այրվող տանը, հանգցնել հրդեհը, փրկել տանտիրոջը եւ այդ ամենը միայն փողոցների նեղ լինելու պատճառով, այդ ժամանակ խնդիրն իր ամբողջ լրջությամբ պատկերանում է աչքիդ առաջ: Իհարկե, ինչպե՞ս կարող է որեւէ մեքենա անցնել 40 սմ լայնությամբ փողոցով, երբ այդ նեղ արահետները դժվարանցանելի են նույնիսկ մարդկանց համար:
Բնականաբար, նման փողոցներով ոչ միայն շտապօգնության մեքենա, այլեւ պատգարակ անգամ չի կարող անցնել: Բուժօգնության կարիք ունեցող անձանց էլ մնում է իրենց ոտքով հասնել շտապօգնության մեքենային:
Աստված մի արասցե, եթե հանկարծ թաղամասում հրդեհ բռնկվի կամ շտապօգնության կարիք լինի, ապա թե՛ առաջին, թե՛ երկրորդ դեպքում հետեւանքները կարող են անկանխատեսելի եւ զարհուրելի լինել:
Ստացվում է, որ այս թաղամասի պատվավոր բնակիչ դառնալու համար անհրաժեշտ է համապատասխանել հետեւյալ պայմաններին.
• չլինել գեր` անանցանելի փողոցները հաղթահարելու համար,
• չհիվանդանալ` շտապօգնության կարիք չունենալու համար,
• լինել ցրտադիմացկուն` ջեռուցման բացակայությանը դիմանալու համար,
• լինել հրակայուն` հրդեհների ժամանակ փրկվելու համար:
ԿՈՆԴՈՒՄ ԱՊՐԵԼՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԴՐԻՆԵ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ