ՕՐԱԿԱՐԳԸ ՉՀԱՍՏԱՏԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ նոյեմբերի 13-ին տեղի ունեցած Իջեւանի քաղաքապետի ընտրություններից ավելի քան երկու ամիս է անցել, սակայն նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի կողմնակիցները չեն հաշտվում նրա պարտության մտքի հետ: Դա երեւաց նաեւ  հունվարի 25-ին ավագանու նիստում:
Ավագանու  15  անդամից նիստին մասնակցում էին 13-ը: Նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի կողմնակից հանդիսացող ավագանու անդամները ժամը 10-ին նշանակված նիստին ներկայացան միասին, քաղաքապետի աշխատասենյակում էլ նստած էին իրար կողքի: Սպասվում էր, որ նիստի ժամանակ էլ նրանք  կազմակերպված ձեւով հանդես կգան: Հունվարի 25-ին պետք է հաստատվեին համայնքի 2012 թվականի բյուջեի նախահաշիվը, քաղաքապետարանի եւ դրա ենթակա հիմնարկների հաստիքացուցակները, 2012թ. տեղական տուրքերի ու  վճարների չափերը եւ այլն:  Նիստի  սկզբում ավագանու անդամներ Նարինե  Գրիգորյանը ու Հասմիկ Ամիրյանը հայտնեցին, որ  նիստի օրակարգը ստացել են ոչ թե անձամբ, այլ մի դեպքում` խանութպանից, մյուս դեպքում` հարեւանի միջոցով: Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Բորիս Թանանյանը հայտնեց, որ օրակարգը մի շաբաթ առաջ փոստով ուղարկել են ավագանու անդամներին: Ավագանու անդամ, Իջեւանի նախկին քաղաքապետի հարազատ եղբայր, «Իջեւանի բժշկական կենտրոն»-ի տնօրեն Հրաչ Ներսիսյանն էլ դժգոհեց, որ քաղաքի աղբահանությունն իրականացնող կոմունալ տնտեսությանն այս տարվա բյուջեով 79 միլիոն դրամ է նախատեսված:  Ավագանու անդամ Հասմիկ Ամիրյանն էլ հավելեց, որ կոմունալ տնտեսության համար նախատեսվածն ավելի շատ է, քան քաղաքապետարանի  աշխատակազմի համար հատկացված գումարը:
 Նշենք, որ 2012-ին կոմունալ տնտեսության համար նախատեսված գումարը 2011-ի համեմատ աճել է  5 միլիոն դրամով, անցյալ տարի էլ կոմունալին հատկացված գումարը մեծ է եղել քաղաքապետարանի աշխատողների աշխատավարձի գումարից, սակայն նախորդ տարիներին ավագանու վերոհիշյալ անդամները հաստատել են տեղական բյուջեն: Իջեւանի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի վարիչ Վարազդատ Գեւորգյանը հայտնեց, որ 2011թ. վերջին քաղաքապետարանի աշխատավարձի եւ այլ պարտքերը կազմել են 5 միլիոն 368 հազար դրամ: Իջեւանի ավագանու անդամները քվեարկությամբ, 6 կողմ եւ 7 դեմ հարաբերակցությամբ մերժեցին հաստատել նիստի օրակարգը: Օրակարգի հաստատմանը դեմ քվեարկածները քաղաքապետ Վարդան Ղալումյանից պահանջեցին ավագանու հաջորդ նիստին լսել կոմունալ տնտեսության, նաեւ քաղաքապետարանի մյուս հիմնարկների տնօրենների աշխատանքների տարեկան հաշվետվությունը:  Վարդան Ղալումյանը հայտարարեց, որ ինքը կողմ է քաղաքապետարանի եւ դրա ենթակա հիմնարկների թափանցիկ աշխատանքին:
Ակնհայտ է, թե ինչու Վարուժան Ներսիսյանի կողմնակից ավագանու անդամները շեշտեցին հատկապես կոմունալ տնտեսության տնօրենի հաշվետվության անհրաժեշտությունը: Այդ հիմնարկության նախկին տնօրեն Սամվել Չիբուխչյանը  2011թ. մայիսի 29-ին ընտրվել է ավագանու անդամ, դրանից հետո նրա փոխարեն  հիմնարկի տնօրեն է դարձել Չիբուխչյանի քրոջ որդին` Էդգար Մեհրաբյանը: Սամվել Չիբուխչյանը մասնակցում էր նիստին եւ կողմ քվեարկեց օրակարգի հաստատմանը: Նշենք, որ  Իջեւանը  Տավուշի մարզի 62 համայնքներից  միակն է, ուր դեռ չի հաստատվել այս տարվա բյուջեի նախահաշիվը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս