ԹՈՂ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՎ ԶԲԱՂՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վաստակավոր արտիստուհի, դրամատիկական թատրոնի դերասանուհի Էվելինա Շահիրյանը ցանկանում է, որ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները լինեն ազատ, արդար եւ թափանցիկ:
«Կարծում եմ, որ կառավարությունում պետք է լինեն այնպիսի մարդիկ, ովքեր իսկապես հոգ կտանեն ժողովրդի մասին, պատգամավորը պետք է լինի բանիմաց, կրթված եւ ամենակարեւորը ժողովրդի խնդիրներին ոչ մատների արանքով նայող մարդ: Այսօր Հայաստանում խնդիրները շատ շատ են, չեմ կարող վարդագույն ակնոցներով նայել կյանքին եւ ասել, որ ամեն ինչ հոյակապ է, եւ ոչ մի փոփոխության կարիք չկա: Հակառակը, Հայաստանում առկա խնդիրները պետք է արագ լուծվեն, եւ հույս ունեմ, որ եկող խորհրդարանական ընտրություններից հետո ամեն ինչ իրոք կփոխվի դեպի լավը: Ինքս որեւէ քաղաքական կողմնորոշում չունեմ, բայց կանգնած եմ բոլոր այն մարդկանց կողքին, որոնք կարող են եւ ուզում են Հայաստանում ամեն ինչ դեպի լավը փոխել»,-ասում է դերասանուհին:
 Վերջին շրջանում համացանցում եւ առհասարակ ԶԼՄ-ներում շատ երգիչ-երգչուհիներ, դերասաններ հայտարարություններ են անում այն մասին, թե արդյոք որեւէ կուսակցության կողմից կազմակերպված միջոցառումներին, նախընտրական քարոզարշավներին կմասնակցեն, թե ոչ: Այս հարցի շուրջ Էվելինա Շահիրյանը տվեց հետեւյալ մեկնաբանությունը. «Գիտեք ինչ, կարծում եմ` ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով, սխալ եմ համարում մշակույթը կամ շոու բիզնեսը քաղաքականության հետ խառնելը: Ինքս երգչուհի չեմ, որպեսզի մասնակցեմ նմանատիպ քարոզարշավներին, բայց եթե լինեի էլ, հաստատ չէի մասնակցի, եւ կապ չունի` դա ՀՀԿ է, ԲՀԿ, թե ՀԱԿ: Ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով, եւ սխալ է ինչ-որ երգչի կամ երգչուհու միջոցով փորձել ազդել մարդկանց դիրքորոշման կամ կարծիքի վրա:
Քաղաքականությունն առհասարակ շատ բարդ աշխատանք է, քանի որ գործը վերաբերում է մի ամբողջ երկրի:  Կարծում եմ, որ թե ապագա խորհրդարանական, հետագայում նաեւ նախագահական ընտրությունների արդյունքում կունենանք այնպիսի իշխանություն, որն իսկապես կփորձի հնարավորինս  կրճատել մարդկանց խնդիրները եւ ապահովել բարեկեցիկ կյանք»:
Հիշեցնենք, որ վերջերս Դրամատիկական թատրոնում մեծ շուքով նշվեց դերասանուհու 70-ամյակը: Էվելինա Շահիրյանը  նկարահանվել  է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Կտոր մը երկինք»-ը եւ  «Կարինե»-ն: Այժմ էլ Դրամատիկական թատրոնում խաղում է տարբեր ներկայացումներում` «Համլետ», «Բալենու այգին», «Աստվածային կատակերգություն» եւ այլն:

ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս