ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԼՌԵԼ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ
Արդեն 4-5 ամիս է, ինչ շահագործվում է «Խաչաղբյուր-2» փոքր հէկ-ը: Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնեց Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Գետահովիտ համայնքի ղեկավար Արթուր Ղազարյանը: Նա, սակայն, դժվարացավ ասել` արդյոք ՓՀԷԿ-ը վնաս պատճառում է բնությանը, թե ոչ: Մեր հարցին ի պատասխան, գյուղապետն ասաց, որ ՓՀԷԿ-ի գործարկումից հետո դրա տերերը համայնքի համար որեւէ բարեգործություն չեն արել: Իսկ մինչ այդ, հիշեցնենք՝ «Խաչաղբյուր-2» փոքր հէկ-ի շինարարությունն իրականացնող «Մեգաէներջի» ՍՊԸ-ն կառուցել էր Գետահովտի գիշերային լուսավորության ցանց, գյուղին նվիրաբերել էր տրակտոր, նաեւ նորոգել գյուղի մանկապարտեզի խոհանոցի, ճաշարանի եւ զուգարանի տարածքը: Նշենք, որ 2014թ. փետրվարի 17-ին Գետահովիտ գյուղում կայացել են «Խաչաղբյուր-2» փոքր հէկ-ի շինարարության վերաբերյալ հասարակական լսումներ, որոնք վերաբերում էին հէկ-ը սնուցող ջրատար խողովակի տրամաչափը 1000 միլիմետրից 1200 մմ դարձնելուն եւ ՓՀԷԿ-ը սնուցող խողովակաշարի երկարությունը 1 կիլոմետրով երկարացնելուն: Սակայն ուշագրավ է, որ այլեւս չեն լսվում «Խաչաղբյուր-2» փոքր հէկ-ի կառուցման դեմ բողոքող բնապահպան ակտիվիստների ձայները, մի՞թե այն այլեւս շրջակա միջավայրին վնաս չի պատճառում: Հիշեցնենք, որ 2012թվականի մայիս ամսից Գետահովիտ գյուղի տարածքում, «Խաչաղբյուր-2» փոքր հէկ կառուցելու նպատակով, առանց համայնքի կողմից տրված շինթույլտվության շինարարական աշխատանքներ են կատարվել, ինչի ընթացքում աշխատել է ծանր տեխնիկա եւ բազմաթիվ ծառեր են հատվել: 2012թ. աշնանը Գետահովիտ համայնքի բնակիչների բողոքի արդյունքում ՓՀԷԿ-ի շինարարությունը դադարեցվել է, բնակիչները դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն: Այդ ընթացքում «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի շինարարությունն իրականացնող «Մեգաէնէրջի» ՍՊԸ ղեկավարության կողմից Գետահովիտ համայնքում զանազան ծրագրեր իրականացնելու խոստումներ են տրվել, ինչի շնորհիվ փոքր հէկ-ի շինարարությունը վերսկսվել է: Մեր հարցին, թե արդյոք տարիներ շարունակ շահագործվող «Խաչաղբյուր-1» ՓՀԷԿ-ը գյուղի համար որեւէ բարեգործություն կատարել է, գյուղապետ Արթուր Ղազարյանը բացասական պատասխան տվեց: Հիշեցնենք, որ «Խաչաղբյուր-1» ՓՀԷԿ-ը պատկանում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանին:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ