«Ժողովուրդ»-ն օրեր առաջ այցելել էր Կոտայքի մարզի Հացավան համայնք, որտեղ առանձնատներ ունեն ՀՀ ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանն ու ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: «Ժողովուրդ»-ը հացավանցիների հետ զրույցից տեղեկացավ, որ Գեղամյանն իր առանձնատուն տանող ճանապարհը ասֆալտապատել է, իսկ գյուղամիջյան մյուս ճանապարհներն անհարթ, քարքարոտ ու փոսառատ են: Փոսերի ու միայն սեփական ճանապարհը ասֆալտապատելու թեմաների շուրջ էլ «Ժողովուրդ»-ը զրուցեց Արտաշես Գեղամյանի հետ:
-Պարոն Գեղամյան, Ձեր տուն տանող ճանապարհը ասֆալտապատել եք, իսկ գյուղամիջյան մյուս ճանապարհները, հակառակն՝ անհարթ են ու փոսառատ: Դուք հիմա իշխանություն եք, ինչո՞ւ չեք աջակցում գյուղացիներին մյուս փողոցներն ասֆալտապատելու հարցում:
-1991-95 թվականներին բավականին հաջողակ բիզնեսմեն էի եւ իմ անձնական գումարներով դա արեցի: Ցավոք, այն աստիճանի հաջողակ չէի, որ ամբողջ գյուղի փողոցներն ասֆալտապատեի: Բնականաբար, հնարավորության փոքր-ինչ դեպքում, կաշխատեմ ինչ-որ կերպ օգտակար լինել, բայց ոչ պետական միջոցներով: Ինչ խոսք, ես էլ ինձ վատ եմ զգում, որ մյուս փողոցներն ասֆալտապատված չեն:
-Իսկ ի՞նչ միջոցներով:
-Ընկերներ ունեմ, որոնք խոշոր գործարարներ են: Ճիշտ է, իրենք հիմա Հայաստանում չեն, այլ Ռուսաստանի Դաշնությունում են, բայց մի առիթով մեր տուն կհրավիրեմ, կհյուրասիրեմ ու կխնդրեմ, որ մի նվեր թողնեն գյուղին: Ինձ չէ, այլ գյուղին: Միայն այդ ճանապարհով:
-Պարոն Գեղամյան, Ձեր առանձնատան հարեւանությամբ աղբ կար կուտակված:
-Երկու-երեք անգամ այնտեղ տեղադրվել են աղբարկղեր, բայց հարեւաններից ոմանք, այնուամենայնիվ, գերադասում են աղբը ձորը թափել: Հարեւաններին բարեկամաբար հուշել եմ, որ կուտակված աղբից կարող են այդտեղ լինել նաեւ առնետներ, օձեր:
-ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի առանձնատունը Ձեր ներքեւի փողոցում է, երբեւէ հյուրընկալվե՞լ եք:
-Պետք է խոստովանեմ սեփական անշնորհքությանս մեջ, ես չեմ եղել իրենց տանը, ինքն էլ՝ մեր տանը: Իսկ ինչու անշնորհքություն, որովհետեւ կարգ կա, ի վերջո համագյուղացիներ ենք, պետք է գոնե իրար տուն մի անգամ գնայինք: Առաջիկայում կփորձեմ սխալս ուղղել:
Հ. Գ.Հետաքրքիր է, իսկ Վիգեն Սարգսյանի մտքով երբեւէ անցե՞լ է աջակցել համագյուղացիներին, լուծելու համայնքի սոցիալ-տնտեսական խնդիրներից գոնե մեկը: Ամեն դեպքում համայնքում էլ տուն ունի:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ