ՄԱՐԶԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԱՀՄԱՆԻՑ ՀԵՏ ԵՆ ՈՒՂԱՐԿՈՒՄ

Սկսվել է «խոպանի սեզոնը», եւ հազարավոր տղամարդիկ արտագնա աշխատանքի են մեկնում Ռուսաստան: Ավիատոմսերի թանկ լինելու պատճառով շատերը գերադասում են Ռուսաստան մեկնել ավտոբուսներով եւ միկրոավտոբուսներով: Սակայն նրանց մի մասին Վրաստանի եւ Ռուսաստանի սահման հանդիսացող Վերին Լարս սահմանային անցակետում տհաճ անակնկալ է սպասվում: Ինչպես «Ժողովուրդ»-ին հայտնեց Ռուսաստան սեզոնային աշխատանքի մեկնել ցանկացող նոյեմբերյանցին, ինքը երբեւէ Ռուսաստանում օրենք չի խախտել, քրեական կամ վարչական պատասխանատվության չի ենթարկվել, չի տուգանվել, սակայն ռուս սահմանապահները իրեն Վերին Լարսից հետ են ուղարկել: Պատճառը չեն նշել, ասել են, որ դա կարող է պարզել Երեւանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատնից: Նոյեմբերյանցին պատմեց, որ Ռուսաստան մեկնող իրենց ավտոբուսից 8 հայաստանցու Վերին Լարսից հետ են ուղարկել: Հիմա նա պաշտոնապես դիմել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն պարզելու՝ արդյոք ինքն իրավունք ունի՞ մուտք գործել Ռուսաստան:
Մինչ դեսպանատնից ձգձգում են նման հարցումների պատասխանը, ոմանք գտել են այդ հարցի լուծման արագ եւ արդյունավետ եղանակ: Նրանք Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում 5 հազար դրամ կանխավճար են մուծում՝ առանց գնելու Ռուսաստան մեկնող օդանավի տոմսը: Օդանավակայանի աշխատողը երկու ժամվա ընթացքում հարցում է կատարում, արդյոք Հայաստանի այդ քաղաքացին կարո՞ղ է Ռուսաստան անարգելք մուտք գործել: Եթե պարզվում է, որ տվյալ անձի մուտքը ՌԴ արգելված է, հայաստանցու համար 5 հազար դրամը կորչում է: Սակայն դա հաստատ ավելի էժան եւ հեշտ տարբերակ է:

ԿՆՈՋԸ ԽԵՂԴԵԼ Է, ՀԵՏՈ ԴԻՄԵԼ ՓԱԽՈՒՍՏԻ

Մայիսի 12-ին՝ ժամը 9.30-ից 10.00-ի սահմաններում Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Իծաքար գյուղի բնակիչ, 1978թ. ծնված Մերուժան Արշակի Հարությունյանը խեղդել է իր կնոջը՝ 1980թ. ծնված Հերմինե Ռեմիկի Չիլինգարյանին: Կնոջը սպանելու պատճառը եղել է ամուսնու խանդը: Իծաքարի բնակիչներից տեղեկացանք, որ ոստիկանության Տավուշի բաժինն արագ բացահայտել է հանցագործությունը: Մայիսի 13-ին Իծաքարում հուղարկավորել են Հերմինե Չիլինգարյանին: Մերուժան Հարությունյանը նախկինում եղել է պայմանագրային զինծառայող, նա կատարված դեպքից 2 տարի առաջ էր զորացրվել: Մ. Հարությունյանը ներկայում փախուստի մեջ է: Ամուսիններն ունեն 3 անչափահաս երեխա:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս