Կրասնոյարսկի մարզի բնակիչն իր ծանոթին սպանելու կապակցությամբ կատարվող քննության ընթացքում խոստովանել է, որ վերջին 15 տարում ևս 5 սպանություն է կատարել:
Փետրվարին քննիչները քրեական գործ են հարուցել 46-ամյա սիբիրցու նկատմամբ այն բանից հետո, երբ նրա տանը հրազենի վնասվածքներով դիակ են հայտնաբերել. տեղեկացնում է РИА Новости-ին:
Կասկածյալն ամեն բան խոստովանել է և պատմել ևս 5 սպանությունների մասին, որոնցից առաջինը կատարել է 1999-ին:
Մարդասպանի առաջին զոհն է դարձել կասկածյալի 38-ամյա համագյուղացին: Նրան տղամարդը սպանել էր որսորդական հրացանից, սակայն այն ժամանակ ոստիկանությունը չի կարողացել հաստատել նրա մասնակցությունը հանցագործությանը և գործը կասեցրել են:
2000թ. փետրվարին կասկածյալն իր կենակցի աչքի առջև կացնով սպանել է 37-ամյա զարմիկին, որի դիակը թաղել է տան մոտ գտնվող գոմում:
Նույն տարվա մայիսին գլխին հրազենից կրակելու միջոցով նա սպանել է իր սիրեցյալի 43-ամյա եղբորը: Մարմինը թաղել է անտառում՝ Ռիբնոյե գյուղի հարևանությամբ:
2009-ին՝ Ամանորի տոնակատարության ժամանակ, իր տանը մեղադրյալը պարանի օգնությամբ խեղդել է երիտասարդ կնոջը, որի հետ ծանոթացել էր նախօրեին:
Հետագայում չարագործը մասնատել է կնոջ մարմինը, այն սահնակով տարել գյուղի տարածքից դուրս և թողել ձյան մեջ՝ մայրուղուց ոչ հեռու: 5-րդ զոհն է դարձել կասկածյալի կենակիցը, որին նա խեղդել է 2013-ին վեճի ժամանակ, իսկ մարմինը թաղել իր հողամասի տարածքում:
Ներկայումս ճշտվում են կատարված հանցագործությունների մանրամասները: