ԻՇԽԱՆԱԿԱՆ ԱՃԻ ՄԵԽԱՆԻԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ցնցող բացահայտում արած չենք լինի, եթե ասենք, որ Հայաստանում գնալով ավելի է ծանրանում սոցիալ-տնտեսական իրավիճակը: Դա երեւում է ամեն քայլափոխի, անզեն աչքով: Բանը հասել է նրան, որ անգամ պաշտոնական վիճակագրությունն է պարբերաբար աղաղակում այդ մասին:
Օրինակ` վերջերս ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը բավական ուշագրավ տվյալներ է հրապարակել: Այնտեղ, իհարկե, ընդհանուր առմամբ փորձ է արված իրականությունը բոլորովին այլ կերպ ներկայացնել ու տպավորություն ստեղծել, թե Հայաստանում ամեն ինչ լավ է: Ավելին, նույնիսկ գրանցվել է տնտեսական ակտիվություն, ինչի մասին պարբերաբար հայտարարում էր վարչապետ Տիգրան Սարգսյանը: Եւ ըստ այդմ էլ` 2011 թվականին 2010-ի համեմատ Հայաստանում տնտեսության ակտիվության ցուցանիշը կազմել է 5,9 %: Նախորդ տարի արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 14,1 %-ով: Գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալի աճը եւս եղել է 14,1 տոկոս: Իշխանական քարոզչամեքենայի համար այս թվերը հրաշալի գտածո են` օրական մի քանի անգամ մեզ համոզելու համար, որ ապրում ենք զարգացող երկրում:
Բայց երբ ԱՎԾ հրապարակած տվյալները դիտում ես համեմատության մեջ, ապա իրավիճակը բոլորովին էլ չի խոսում իշխանությունների վարած քաղաքականության օգտին: Ներկայացված է, որ ՀՀ-ում միջին ամսական աշխատավարձը բարձրացել է 5,9 %-ով: Սակայն պարզվում է` աճել են նաեւ գները: Ընդ որում, գնաճն առավել քան անհամաչափ է եղել` 7,7 %: Այսինքն` թեեւ ըստ պաշտոնական վիճակագրության` բարձրացել է աշխատավարձը, բայց եւ դրանից շատ ավելի բարձրացել են գները, եւ աշխատավարձի ավելացման էֆեկտը հավասարվել է զրոյի:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը կարծում է, որ Հայաստանում շարունակվում է կենսամակարդակի անկումը: «Աշխատավարձերի բարձրացումը չի համապատասխանել գնաճի ավելի բարձր մակարդակին: Մյուս կողմից, հաշվի առնելով փաստը, որ երկրորդային եկամուտները` նպաստներն ու կենսաթոշակները չեն, աճել, նշանակում է՝ գնաճը Հայաստանում վնասել է նաեւ այս խավի մարդկանց եկամուտներին ու կենսամակարդակին: Ցավում եմ, որ վարվող սոցիալ-տնտեսական քաղաքականությունն այս պահին, համենայնդեպս, որեւէ դրական հույսեր չի ներշնչում կենսամակարդակի բարձրացման տեսանկյունից»,-նշեց նա: Ըստ Մինասյանի` հարկավոր է ամբողջությամբ վերանայել ե՛ւ վարվող սոցիալ-տնտեսական քաղաքականությունը, ե՛ւ այն իրականացնող տնտեսական թիմի կազմը: Ընդ որում, Մինասյանի կարծիքով` փոփոխությունները հարկավոր է իրականացնել հնարավորինս շուտ:
Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը նշեց, որ այդ տվյալներից չի երեւում` մասնավոր, թե պետական ոլորտի աշխատողների աշխատավարձերն են բարձրացվել: «Մասնավոր հատվածում ունենք շատ բարձր աշխատավարձ` 2 մլն, 6 մլն: Դրա վրա, սակայն, չես կարող հիմնվել: Իսկ եթե խոսում ենք պետական հատվածի աշխատավարձի բարձրացման մասին, ապա բյուջեի կողմից ֆինանսավորվող կազմակերպություններում աշխատավարձի բարձրացում, ըստ էության, տեղի չի ունեցել: Քաղծառայողների աշխատավարձի բազային մակարդակը  ե՛ւ 4 տարի առաջ էր 40 հազար դրամ, ե՛ւ հիմա է այդքան: Նույնը` հարկային ծառայողներինը` 55 հազարը մնացել է նույնը»,-ասաց պարոն Արիստակեսյանը: Փոխարենը, ըստ նրա, ՀՀ բյուջեից ֆինանսավորվում է Մրցունակության հիմնադրամը, որի տնօրենի աշխատավարձը 6,2 մլն դրամ է: «Ահա նման թվերն են ազդել աշխատավարձի` 5,9 տոկոս բարձրացման ցուցանիշ գրելու համար»,-ասաց նա` հավելելով, որ իրականում աշխատավարձի բարձրացում ամենեւին էլ չի եղել: Ինչ վերաբերում է գնաճին, ապա Մովսես Արիստակեսյանի խոսքերով` փոխարենը շատ ցածր է ներկայացված այդ թիվը: «Իմ կարծիքով, գնաճն իրականում առնվազն 9-10 տոկոս է»,-ասաց նա` նշելով, որ այդ թվերի «հեղինակները» թող փորձեն համեմատել իրենց ստացած աշխատավարձն ու գրպանի ծախսը, համադրեն պաշտոնական վիճակագրության հետ:
Մովսես Արիստակեսյանն անդրադարձավ նաեւ տնտեսական ակտիվության մասին հրապարակված թվերին: Նշելով, որ այդ ցուցանիշների բաղադրիչներից է նաեւ գյուղատնտեսական ոլորտը, նա օրինակ բերեց. «Գյուղատնտեսության ոլորտում սեպտեմբերին, նախորդ ամսվա համեմատությամբ, 139 տոկոս աճ է գրանցվել, ինչը պայմանավորված է բերքահավաքի սեզոնով: Հոկտեմբերին` բերքահավաքի վերջում, աճը նվազել է ու դարձել 63.8 տոկոս, նոյեմբերին` 37.1 տոկոս: Այս ամենը բնական է, քանի որ չկա բերքահավաք: Բայց ահա այսքանից հետո` դեկտեմբերին, 109,7 տոկոս աճ է գրանցվել: Հետաքրքիր է` դեկտեմբերին այդ ինչ բերքահավաք են արել, գյուղատնտեսության ոլորտում ինչ են արել, որ նոյեմբերի համեմատությամբ 109,7 տոկոս աճ են գրանցում»: Ըստ նրա` մեկնաբանությունը մեկն է. թվերը նկարվել են աճ ցույց տալու համար:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս